Հասարակություն

Գերմանիայի փոխարեն ընտրեց Գեղամա լեռները

alisagevorgyan

Կյանքի մեծ մասն արտերկրում անցկացրած, մի քանի լեզուների  տիրապետող, Գերմանիայում անգամ   մշտական բնակության իրավունք ստացած, իսկ 2014-ին Հայաստան տեղափոխված  Տիտալ Օսմանովին հանդիպել եմ Ուրցաձոր համայնքի Հայլո կոչվող սարատեղում, որտեղ եզդի երիտասարդն այսօր ավելի քան 100 ոչխար է պահում: «Առանց Հայաստանի ապրել չեմ կարող»,- «Ռադիոլուրի»  հետ զրույցում խոստովանել է եզդի երիտասարդը։

1993 թվականին ազգությամբ եզդի Տիտալ Օսմանովի ընտանիքն Արարատի մարզի Այգավան գյուղից տեղափոխվեց Ռուսաստան, 12 տարի  հետո կրկին վերադարձան Հայաստան, երկու տարի անց  ուղղություն վերցնելով դեպի Ուկրաինա: Ավելի ուշ՝ շուրջ երեք ու կես տարի Տիտալն ապրում էր Գերմանիայում: «Հենց Բեռլինում, անգամ մշտական բնակության իրավունք էի ստացել, բայց չդիմացա, առանց Հայաստանի ապրել չեմ կարող»,- ասում է երիտասարդը։

Գերմանիայի փոխարեն  Հայաստան.  Գեղամա լեռներում Տիտալն այսօր անասնապահությամբ է զբաղվում: Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար.  ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի օժանդակությամբ ձեռք բերված ոչխարների թիվն այսօր շուրջ հարյուրի է հասնում: Ծրագրերը շատ են, գերնպատակը՝ ոչխարների թիվը հնարավորինս մեծացնելը։

Եթե եզդին ոչխար չունի, ուրեմն հայ է, էլ ինչ եզդի. տարածված այս հումորը, ըստ Տիտալի, իրականում լուրջ հիմքեր  ունի: Ոչխարաբուծության ոլորտում եզդին մրցակից չունի: Տիրապետում են գաղտնիքների, որոնք միայն նրանց են հասանելի: Հաջողության գաղտնիքը հարյուրամյակների ընթացքում կուտակած փորձն է, որը, կարծեք,  գենետիկորեն փոխանցվել է  նաև կյանքի մեծ մասն արտերկրում անցկացրած, մի քանի լեզուների տիրապետող Տիտալ Օսմանովին։

2015-ին Տիտալի ամուսնությունն էլ տեղի ունեցավ ազգային ավանդույթներին  համապատասխան: Ամեն ինչ որոշեցին ծնողները։ Այդուհանդերձ՝ Տիտալը  կարծրատիպերին հլու- հնազանդ հետևողներից չէ : Աշխարհ տեսած երիտասարդը նորագույն տեխնոլոգիաները կենցաղ ու անասնապահության ոլորտ տեղափոխելու կողմնակից է: Հեղափոխական նորամուծությունների հարցում պատրաստ է լինել առաջինը։

Back to top button