

«Հայաստանն արևային երկիր է և ունի արևային էներգիայի մեծ ներուժ»,- այսօր նման տեսակետ է հայտնել ֆրանսիական Schneider Electric ընկերության փոխնախագահ Յոհան Վանդերպլաեցեն, ով Հայաստան է ժամանել «Լրագրողների ընկերակցություն» մեդիա կոնգրեսի խորհրդի ղեկավար, ՌԴ Լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանի հրավերով: Վերջինի խոսքով՝ հրավերի նպատակն էր հեղինակավոր այս կառույցի ներկայացուցչի օգնությամբ գնահատել այլընտրանքային էներգիայի զարգացման տեղական հնարավորությունները։
Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման հնարավորությունները գնահատելու համար Յոհան Վանդերպլաեցեն իրականացրել է ուսումնասիրություններ, հանդիպումներ ունեցել ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների հետ: Եզրահանգումը լավատեսական է՝ Հայաստանն ունի այլընտրանքային էներգիայի զարգացման մեծ ներուժ
«Հայաստանում էներգիայի 40 տոկոսը ստացվում է ատոմային էներգիայից, 30 տոկոսը՝ հիդրոէլեկտրակայաններից, ևս 30 տոկոսը՝ Իրանից ու Ռուսաստանից ներկվող գազից: Այս համամասնության մեջ էական դեր կարող է կատարել արևային էներգիան, որը զարգացնելու համար Հայաստանն ունի մեծ առավելություն, քանի որ արևային երկիր է համարվում: Ավելի քան 300 արևոտ օրեր տարվա ընթացքում: Այս օրերին ես հանդիպումներ եմ ունեցել հանրապետության վարչապետի, էներգետիկայի նախարարի հետ: Կարծում եմ՝ կա մեծ հետաքրքրություն Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ուղղությամբ: Երկրի էներգետիկ անվտանգության բարձրացման տեսանկյունից այս հարցը խիստ կարևորվում է»,- ասում է։
Մեր փոքրիկ մոլորակը աղետից փրկելու համար էներգիայի այլընտրանքային ուղիների որոնումն ու կիրառումը կենսական պահանջ է դառնում ողջ աշխարհում: Այս ոլորտում մեծ հաջողություններ են գրանցել Միացյալ Նահանգներն ու եվրոպական բազմաթիվ երկրներ, «այդ թվում, օրինակ, Բելգիան, որն ի տարբերություն Հայաստանի ամենևին էլ արևային երկիր չէ»՝ նկատում է ոլորտում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը համարվող Յոհան Վանդերպլաեցեն,
Schneider Electric ընկերության փոխնախագահը չի բացառում այս ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումների հնարավորությունը, ծավալները կհստակեցվեն առավել խորքային քննարկումներից և ուսումնասիրություններից հետո:




