Հասարակություն

Երբ մարդասիրության կարիք ունի անգամ հումանիտար աշխատողը. այսօր Մարդասիրության միջազգային օրն է

Մարդասիրությունն ամենօրյա գործ է, վերաբերմունք,  որը սեր ու հարգանք է առաջացնում՝  առաջին հերթին հենց մարդասիրություն դրսևորողի ներսում ու հետո տարածվում շրջակայքում ու սիրով լցնում շրջապատող մարդկանց սրտերը: Այս վերաբերմունքը հատուկ օրվա հիշատակման է արժանացել՝ այսօր Մարդասիրության միջազգային օրն է:

Ըստ վիճակագրական տվյալների՝ այսօր աշխարհում  130 մլն մարդ գոյատևում է  հատկացվող մարդասիրական օգնության շնորհիվ:  Այսօր ՄԱԿ-ն իրականացնում է «Աշխարհ, որ կնախընտրեիք ունենալ» խորագրով քարոզարշավը, որի միջոցով  կոչ է արվում մարդկանց կարեկից լինել կարիքավոր, վատ վիճակում գտնվող մարդու նկատմամբ:

Օրվա առիթով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավար Աշոտ Սարգսյանը խոսեց  հումանիտար աշխատողների դեմ այսօր արձանագրվող հարձակումների եւ բռնությունների մասին։ Եթե  ժամանակին մարդասիրական կազմակերպություններն ազատ կարողանում էին մուտք գործել  անհրաժեշտ վայրը ու հումանիտար օգնություն հասցնել կարիքավորներին՝ այսօր նրանք շատ դեպքերում չեն կարողանում համարձակ գործել։ 2005 թվականին մարդասիրական գործողություն իրականացնելուց զոհվել է հումանիտար 45 աշխատող, այսօր այդ թիվը հասել է 109- ի՝ ասում է ՄԱԿ- ի ներկայացուցիչը։

Ի դեպ՝  Հայաստանն այն եզակի երկրներից է աշխարհում, որը հարգանքով է վերաբերվում մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ, ինչը չի կարելի ասել մեր հակառակորդ Ադրբեջանի մասին: Այդ երկիրը ոտնձգություններ է թույլ տվել անգամ մարդասիրական կազմակերպությունների դեմ, բազմիցս խոչընդոտել է անգամ ԵԱՀԿ դիտորդական առաքելության իրականացմանը, սանձարձակ վարք դրսևորել, ինչը ժամանակին արձանագրվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից։

Աշոտ Սարգսյանի ներկայացված տվյալներով՝ 70- ական թվականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ գումարի չափը կազմել է 1 մլրդ 200 մլն, 80-ականներին՝  1 մլրդ  700 մլն դոլար, իսկ 2015-թ. ին արդեն այն հասել է 28 մլրդ- ի է հասել: Թվերը ցույց են տալիս, թե տարեց-տարի որքան  է կարևորվում մարդասիրական օգնությունը թե ֆինանսական, թե, բնականաբար, հոգատար վերաբերմունքի առումով:  Բնական աղետների թվի ավելացումը, ըստ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավարի, պայմանվորված է այսօր նաև բիզնեսի ու հանրային շահերի բախմամբ, ինչի արդյունքում հաղթում է ցավոք բիզնեսը:

Back to top button