Քաղաքական

Արմեն Մարտիրոսյան.«Իմ նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում»

karenghazaryan
ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» իրականացրած գործողությունների ընթացքում կալանավորված եւ օրերս 1 մլն դրամ գրավով ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում: Նա պնդել է, որ իրեն ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել եւ իրեն ձերբակալել են ապօրինի: Այս խնդրին անդրադարձել է նաեւ քաղաքական գործչի փաստաբանը:

 

 

Կան տեսագրություններ, թե ինչ խմբավորումներ են գործել Սարի թաղում՝ նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նա շեշտեց, որ լրագրողների կողմից դրանց արձանագրումներն էլ օգնել են եւս մեկ անգամ ապացուցելու իր, եւ, «Ժառանգության» փոխնախագահի խոսքով, մնացած քաղբանտարկյալների անմեղությունը:

«Քրեական գործն ակնհայտ է, որ ապօրինի, շինծու, քաղաքական հաշվեհարդար տեսնող քայլ է եւ ոչ ավելին»:

Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գարիկ Մալխասյանի խոսքով՝ Մարտիրոսյանի ձերբակալությունն իրավաչափ չի եղել թեկուզ այն պատճառով, որ գործի հիմքում դրվել է, թե վերջինս ձերբակալվել է հանցագործության պահին, մինչդեռ նրան ձերբակալել են մինչ Սարի թաղի հայտնի դեպքերը տեղի ունենալը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը հակադարձեց  իր ձերբակալությունից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հարցադրումներին ու գնահատականներին՝ դրանք համարելով անթույլատրելի: Խնդրում եմ՝ այսուհետ որևէ մեկն իմ խոսքերն ըստ հայեցողության չմեկնաբանի՝ հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

«Բոլոր իմ ելույթների ամբողջ իմաստն այն է եղել, որ ամեն ինչ անենք, որ տղաներն ազատվեն, հասարակության հետ լինեն: Որքան էլ ընդունենք կամ չընդունենք ՊՊԾ գնդի գրավումը, բայց ակնհայտ է, որ նույնիսիկ միջազգային  հայտարարություններում նշվում է, որ իրենց պահանջները քաղաքական են: Եվ քաղաքական խորհրդի անդամների քայլերը բացառապես եղել են քաղաքական պահանջների ձեւակերպումը եւ այդ պահանջների ուղղությամբ քաղաքական  լուծումներ առաջարկելը եւ դա հրապարակայնորեն եւս ասվել է»:

Քաղաքական գործիչը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց պայքարը եղել է բացառապես քաղաքական եւ այդպես էլ շարունակվելու է, իսկ նույնիսկ զինված գործողությունների արդյունքում, միեւնույնն է, ցանկացած իրավիճակ լուծվում է քաղաքական որոշումների արդյունքում, ցանկացած լուծում լինում է բացառապես քաղաքական՝ ձեւակերպեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը: Նա շեշտեց, որ իր դիրքորոշումներն ու սկզբունքները չեն փոխվել.

«Իշխանափոխության լավագույն միջոցը եղել ու մնում է բացառապես մեկը՝ հասարակության ակտիվ մասնակցությունը, քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը: Ես համոզված եմ, որ դա լավագույն ճանապարհն է իշխանափոխության, որ իշխանությունը հասկանա, որ ինչպես ժողովուրդը իրեն բերել է իշխանության, այդպես էլ ժողովուրդը իրեն ցանկացած պահի կարող է իշխանությունից հեռացնել»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, թե չի հրաժարվում իր քաղաքական սկզբունքներից, չի հրաժարվում իր քաղաքական պայքարից: Համոզված եմ եղել եւ համոզված շարունակում եմ պնդել, որ Հայաստանին պետք են քաղաքական փոփոխություններ, ինքնիշխանության վերականգնում՝ եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Կարդացեք նաև

Back to top button