ՎերլուծականՔաղաքական

Կողմերի մոտ փոխզիջումների պատկերացումները տարբեր են (լրացված)

karenghazaryan

Ռուսաստանի ակտիվացմամբ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացներում, մասնավորապես՝ «ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ» ձեւակերպման շրջանակներում առկա ռիսկերին անդրադառնալով՝ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր շեշտել է, որ ռիսկն ինքնին բանակցություններում չէ, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանում, որտեղ, ըստ քաղաքագետի, հնարավոր է կրկին լարվածություն: Այդ ռիսկն առկա է եւ այն մնալու է, սակայն կարճ քաղաքական հեռանկարում չեմ կարծում, որ այն շատ մեծ է՝ շեշտել է քաղաքագետը:

 

Alexander Iskandaryan87«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանում լարվածության ռիսկն առկա է, սակայն, նա չի կարծում, որ կարճատեւ հեռանկարում այն մեծ է: Ըստ նրա՝ միջնաժամկետ հեռանկարում կրկին լարվածություն հնարավոր է՝ կրակոցներ, դիվերսիոն ակցիաներ, դիպուկահարների ակտիվություն: Այդ վտանգը կա եւ այն վերջին մի քանի տարիներին անփոփոխ է, պահպանվում է:

Բանակցությունների նպատակը հենց իրավիճակի լարման հավանականության նվազեցումն է՝ շեշտեց քաղաքագետը: Ըստ նրա՝ ներկայիս բանակցություններով փորձ է արվում գտնել մեխանիզմներ, որ ապասրացնեն հակամարտությունը: «Ես հոռետեսորեն եմ վերաբերվում դրան: Ես ուրախ կլինեմ, իհարկե,  սխալվելու համար: Ինձ թվում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ունեցած քաղաքական լծակները բավարար չեն, որպեսզի բավականաչափ լրջորեն  ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա»,- ասում է քաղաքագետը։

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ԼՂ կարգավորման գործընթացում իր ուղղակի ազդեցությունը կունենան նավթի գները, որոնց անկումը տարբեր ձեւերով կազդի սրացման գնալու Ադրբեջանի հնարավորությունների վրա: «Բայց դա եւս երկարաժամկետ գործիք չէ, որովհետև նավթի գնի անկումը, ամեն դեպքում, միանգամից չի փոխի իրավիճակ»:

Անդրադառնալով Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, որ դրանից լուրջ սպասելիքներ ունենալ չէր կարելի, քանի որ, ըստ նրա, ներկայումս ընդհանրապես պետք չէ սպասել, որ բանակցություններում որևէ շրջադարձ կլինի: «Ապրիլից հետո տեսանք ուղղակի շտապողականություն, որ ինչ-որ բան այս հակամարտությունում ինչ- որ շրջանակում արվի: Հիմա, իմ կարծիքով, ակտիվությունը դարձել է ավելի փոքր, քան առաջ եւ սպասել ինչ-որ շրջադարձ անգամ նախագահների հանդիպումից, բավականին դժվար է»:

Անդրադառնալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի վերջին հարցազրույցին՝ քաղաքագետը զարմանք հայտնեց, որ հայկական շրջանակներում այն սխալ է ընկալվել: Նա նկատեց, որ լրատվամիջոցներն առավելաբար շեշտում էին, որ նախագահն ասել էր՝ հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն փոխադարձ զիջումների միջոցով։ Ավելի քիչ խոսվեց այն մասին, որ նա ասել է՝ պետք է դադարեցնել կրակոցները, հեռացնել դիպուկահարներին, Ղարաբաղը ներգրավել բանակցություններում և հետո  միայն խոսել, թե ինչ փոխզիջումների մասին կարելի է խոսել՝ նշեց  Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նկատեց նաեւ, որ այդ պայմաններն ակնհայտորեն միանգամայն անընդունելի են Ադրբեջանի կողմից: «Կողմերն այնքան են հեռացել միմյանցից, փոխզիջումների մասին պատկերացումներն այնքան տարբեր բաներ են, որ այնտեղ համաձայնության դաշտ այնքան էլ  չկա: Այդ պատճառով եմ ես ասում, որ նոր բան սպասելն այսօր լուրջ չէ»:

Ղարաբաղյան խնդրին այսօր անդրադարձել է նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի՝ հունիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման գործողությունից մեկ ամիս անց ստեղծված իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ խմբի քաղաքական պահանջների թվում էր նաեւ ԼՂ հարցով զիջումների չգնալու պահանջը: «Արցախի հարցի կապակցությամբ շատ սկզբունքային կեցվածք, այսինքն՝ բացառումը ցանկացած տարածքի հանձնումը հակառակորդի»:

enigomshyan1Ալեք Ենիգոմշյանի տեղեկացմամբ` առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվի իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը: Հուլիսի 17-ից, նրա խոսքերով, «Սասնա ծռերի» ապստամբությունից առաջ և հետո հայաստանյան օդն ուրիշ է: Ըստ Ենիգոմշյանի` երկրում հոգեբանություն է փոխվել, փոխվել են նաև վարչախմբի մոտեցումները. «Այն ինքնավստահությունը, որ վարչախումբն ուներ, մասնավորապես «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությունը, վերացած է՝ ձեւակերպեց ՀԽ քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի գործով քննություն, իհարկե, պետք է ընթանա, սակայն քննություն պետք է արդար Հայաստանում՝ եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը:

 

Back to top button