

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր ներկայացրել է արտակարգ իրավիճակների ու դեպքերի այս տարվա պատկերն ու այն համեմատելով նախորդ տարվա հետ՝ ընդգծել, որ ընդհանուր առմամբ այս տարի արտակարգ պատահարների թիվն զգալիորեն նվազել է։
ՀՀ-ում այս տարվա ընթացքում, մինչ այժմ արձանագրված տվյալներով, զգալիորեն նվազել է արտակարգ դեպքերի ու պատահարների թիվը՝ նախորդ տարվա համեմատ: Ընդհանուր առմամբ՝ գրանցված դեպքերը նվազել են 555-ով՝ տեղեկացրեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Այս տարի 2500 արտակարգ դեպք ու պատահար է արձանագրվել, ինչի հետևանքով, ցավոք, զոհերի թիվը հասնում է 229-ի՝ ասաց։ Այստեղ եւս նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազում է գրանցվել։ Այս տարի 11 մարդ է մահացել թունավորումից, նախորդ տարի թունավորումից մահացածների թիվը հասնում էր 22-ի: Տեխնածին աղետների թիվը ևս նվազել է:
«430-ով նվազել է տեխնածին աղետներն այս տարի: Հրդեհների ու ՃՏՊ-ների կտրուկ նվազում կա: Առաջին կիսամյակը աչքի է ընկլել 1400 հրդեհով, ինչն աննախադեպ ցածր է, 2015-ին 1800 էր»:
Ինչով է պայմանավորված արտակարգ դեպքերի ու պատահարների նվազումն այս տարի. Հովհաննես Խանգելդյանի պարզաբանմամբ` զգալի նշանակություն է ունեցել օդերևութաբանական գործոնը. «Տեղումները շատ էին անտառածածկ տարածքներում: Շաբաթական գոնե մեկ անգամ անձրև է գալիս, հուլիսին շատ քամիներ են գրանցվել, ինչը հատուկ էր ապրիլ-մայիս ամիսներին»:
Զգալիորեն՝ 71-ով կամ 4,9 տոկոսով նվազել է ՃՏՊ թիվը։ Այս տարի 107 զոհ է գրացվել, նախորդ տարվա 132-ի դիմաց, տուժածների թիվը 1956 է՝ նախորդ տարվա 2077- ի դիմաց։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի բացատրությունը. «Դա մի քանի գործոնով է պայմանավորված, և ոստիկանության միջոցառումներով և ՀՀ ներկրվող բարձրակարգ տրանսպորտային միջոցներով և ճանապարհների որակով»:
Եթե մինչ օրս քիչ են պատահարներն ու դեպքերը, ապա տարվա վերջում ևս նվազում կգրանցվի՝ ասաց: Հովհաննես Խանգելդյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ փրկարարների կատարելագործման մակարդակն է բարձրացվում անընդհատ, սարքավորումներն են արդիականացվում, ինչը ևս նպաստում է տխուր վերջաբանով արտակարգ դեպքերի թվի նվազմանը:




