Հասարակություն

Հայաստանում աշխատանք է փնտրում 96.400 մարդ

sonahakobyan
Զբաղվածության պետական գործակալության տնյալների համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.4 հազար: Շարունակում է բարձր մնալ հատկապես գործազուրկ կանանց թիվը: Ներկայացնելով Զբաղվածության պետական գործակալության տվյալները՝ գործակալության պետ Արտակ Մանգասարյանը նշել է, որ աշխատանք փնտրողներից 93-ը` հաշմանդամություն ունեցող անձինք են: Ըստ գործակալության պետի, նախորդ տարվա համեմատությամբ գործազրկության ցուցանիշը 1,1 տոկոսով կրճատվել է: 2015-ին այդ ցուցանիշը 18 % է եղել: Արտակ Մանգասարյանի խոսքերով, աշխատաշուկայում պահանջարկ ունեն բարձրագույն կրթությամբ մասնագետներ, մասնավորապես` տնտեսագետներ, բժիշկներ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, մենեջերներ եւ այլն: Միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներից էլ պահանջված են խոհարարները, հացթուխները, փականագործները, մատուցողները, դերձակները, վարորդները եւ այլն:

 

 

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Զբաղվածության պետական գործակալության օգնությամբ աշխատանքի է տեղավորվել 4757 մարդ։ Նրանցից  3112- ը կին, 4009-ը աշխատաշուկայում անմրցունակ: Ներկայացնելով ընթացիկ տարվա տվյալները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը հայտնեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանքի տեղավորման ցուցանիշը աճել է 4.2 տոկոսով:

Ինչ վերաբերում է աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտություններին, ապա անհրաժեշտ են բարձրագույն կրթություն ունեցող բժիշկներ, տնտեսագետներ, ծրագրավորողներ, ճարտարագետներ, հաշվապահներ, դասավանդողներ, մենեջերներ, գործակալներ, համակարգչային մասնագետներ: Միջին մասնագիտականներից առավել պահանջված են բուժքույրերը, դեղագետները, դեղագործները, ֆինանսների ու առևտրի բնագավառի միջին մասնագետները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, ավտոէլեկտրիկները, էլեկտրիկները, կարողները, վարորդները, փականագործները, դերձակները, շինարարական ու բանվորական այլ մասնագիտությունների տեր անձինք:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում ընդգրկվել է 5 գործազուրկ, որից 3-ը՝ երիտասարդ է: Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած մարդկանց համար իրականացվում է կառավարման բիզնես սկսելու մասնագիտական ուսուցման դասընթացներ: Դրանից հետո նրանք ներկայացնում են բիզնես ծրագրեր: Եթե բիզնես ծրագիրը դրական է գնահատվում, ծրագիրը մեր կողմից ֆինանսավորվում է անհատույց մինչև 500.000 սարքավորումների ձեռքբերման համար, ինչպես նաև կես մլն-ի սահմաններում տարբեր ոլորտներով  մենք աջակցություն ենք ցուցաբերում»:

Այլ կերպ ասած՝ այս ծրագրով աջակցում են սկսնակ բիզնեսմեններին: «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում ընդգրկվել է 21 գործազուրկ, որից 5-ը կին է, 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

«Ծրագրի առավելագույն արժեքը 1 մլն է, որը մենք հատկացնում ենք անասուն ձեռք բերելու համար, 230.000 հատկացնում ենք անասնակերի համար, ինչպես նաև մեկ ամբողջ տարի վճարում ենք անասնաբուժի ծառայությունների համար»:

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցություն» ծրագրում  առաջին կիսամյակում նախատեսվել է ընդգրկել 1290 հող օգտագործող: Ծրագրով պայմանագիր է կնքվել 4638 հող օգտագործողի հետ, որում ընդգրկվել է 6016 անձ: Ծրագրում ընդգրկվել է 397 համայնք և արդյունքում մշակվել է 7193 հա հողատարածք: Ի դեպ՝ մարզերում զբաղվածության խնդրի մեջ համայնքների դերը անբավարար է գնահատում Հայաստանի գործատուների  հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը։ Ըստ նրա՝ այստեղ համայնքապետարանների դերակատարումը պետք է լուրջ վերանայվի, ինչն էլ փորձում է անել տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Գագիկ Մակարյանն այս առումով նկատեց, որ ներկայիս կառավարության քայլերն ավելի գործնական ու իրական են, քան` նախկին:

«Տպավորություն է, թե Հայաստանի ամբողջ բեռը կրում է միայն մի մասը: Համայնքները կարծես այդ բեռից դուրս են: Երևանի քաղաքապետարանից սկսած տնտեսական ծրագրեր չկան, տեղական տուրքերն ու հարկերը բոլորը հաճույքով հավաքում են, բայց թե ինչի վրա են դրանք ծախսվում, պարզ չէ: Հատկապես մարզային համայքները սոցիալ-տնտեսական որևէ ծրագիր չեն իրականացնում»:

Ոչ ձեռնարկությունների ինկուբատորներ են ստեղծում, ոչ տեղեկատվական կենտրոններ, ոչ թրեյնինգային կենտրոններ, ոչ էլ բիզնեսի համար արտոնյալ պայմաններ՝ նկատում է Գործատուների հանրապետական միության նախագահը:

«Գյուղապետարաններ կան, որոնք նստած են ահավոր դոտացիաների վրա՝ մինչև 82 տոկոսի հասնող դոտացիաների: Բայց նաև այդ նույն գյուղապետարանը չի զլանում ամսական 600.000 դրամ ծախսել մեքենայի պահպանման համար, ինչն ինձ համար շատ զավեշտալի է: Այդ գոյւղապետն ամեն օր ուր պետք է գնա, որ ամսական 600.000 ծախսեր ցույց տա բյուջեում, այն էլ պետական դոտացիայի հաշվին: Սա նաև կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը նշանակում է, որ համայնքների դերակատարությունը պետք է լուրջ վերանայվի»:

Այս առումով Մակարյանը գովելի է համարում կառավարության ֆինանսական համահարթեցման նախաձեռնությունը։ Ըստ այդմ՝ գործադիրը նախատեսում է համայնքներում դոտացիաների գործակիցները փոխել՝ կախված մայրաքաղաքից նրանց հեռավորությունից եւ աշխարհագրական դիրքից։

Back to top button