

Առջևում նոր ուսումնական տարին է: Որքա՞ն գումար է անհրաժեշտ մեկ երեխայի դպրոցական պարագաների և հագուստի համար: Թեմային այսօր անդրադարձել «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ՝ Արմեն Պողոսյանը և նշել, որ առաջին դասարանցու նվազագույն զամբյուղի համար անհրաժեշտ է առնվազն 50.000 դրամ: Սպառողների իրավապաշտպանը նաև խորհուրդ է տվել շտապել գնումներ կատարելիս, քանի որ դպրոցական պարագաներն օր օրի թանկանում են, վերջին օրերին այդ ամենը բավականին լուրջ գումար կկազմի: «Ռադիոլուրն» էլ իր հերթին է փորձել պարզել, թե որքան գումար է անհրաժեշտ երեխային դպրոց ճանապարհելու համար:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին մնացել են հաշված օրեր: Դպրոցական օրերին մեծ անհամբերությամբ են սպասում հատկապես առաջին դասարանցիները, իսկ երեխային դպրոց ճանապարհելը մեծ պատասխանատվություն է առաջին հերթին ծնողների համար: Դրան պետք է պատրաստ լինել ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆինանսապես: «Ռադիոլուրը» փոքրիկ հարցում անցկացրեց՝ պարզելու, թե որքան գումար է անհրաժեշտ երեխային առաջին անգամ դպրոց ճանապարհելու համար:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ՝ Արմեն Պողոսյանի այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ է նվազագույնը 50.000 դրամ և սա այն դեպքում, երբ գրենական պիտույքները գոնե այս տարի չեն թանկացել:
Այդուհանդերձ` ծնողներն ամեն ինչ անում և ծախսում են անգամ վերջին լուման` երեխային հավուր պատշաճի դպրոց ճանապարհելու համար: Բայց արդյո՞ք ծախսված գումարն ու գնված ապրանքն արդարացնում են սպասելիքները: Ի վերջո՝ նվազագույն 50.000 դրամով գնված հագուստն ու դպրոցական պարագաները կարող են նաև որակապես զիջել առավել թանկ ապրանքներին:
Հաշվի առնելով նաև խանութների զանազանությունը՝ Արմեն Պողոսյանը նկատում է, որ տոնավաճառներում ավելի մատչելի է, բայց ոչ վստահելի: Այս առումով նա նախապատվությունը տալիս է բրենդային խանութներին, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոխանակել կամ վերադարձնել գնված ապրանքը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս գնումները չթողնել վերջին օրերին և խուսափել պատահական խանութներից կամ տոնավաճառներից:




