
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ղարաբաղյան հակամարտության շուրջ երկխոսությունը վերսկսելու համար անհրաժեշտ է համարում մի շարք քաղաքական եւ իրավական միջոցառումներ, ինչպես նաեւ հոգեբանական մի քանի արգելքների հաղթահարում, որոնց մասին խոսել է Ֆրանսիայի խորհրդարանի պաշտոնաթերթի՝ Le journal du Parlement— ի թղթակից Օլիվիե դե Թիլիերի հետ հարցազրույցում։
Բանակցությունների վերսկսման համար Բակո Սահակյանը քաղաքական համատեքստում անհրաժեշտ է համարում 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրի պահպանումը։ «Իրավական առումով մենք նախեւառաջ պետք է ընդունենք բանակցությունների այն ձեւաչափը, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված է որպես այդ գործընթացի բազմակողմանի եւ լիարժեք կողմ։ ԵԱՀԿ-ն համաձայնել է նման մոտեցմանը 1994 թվականին Բուդապեշտի գագաթաժողովում։ Բացի դրանից՝ անհնար է կարգավորել ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտությունը դրա մասերից մեկի, այս դեպքում Լեռնային Ղարաբաղի բացակայության պայմաններում»,- ասել է Արցախի նախագահը։
Հոգեբանական առումով Բակո Սահակյանը խնդրահարույց է համարում «Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությունը»։ «Ադրբեջանը, ավելի ճիշտ Ադրբեջանական պետությունը պետք է իր մեջ ուժ գտնի հրաժարվելու ղարաբաղցիների եւ հայ ժողովրդի նկատմամբ իր ռասայական կարծկատիպերից, իր անհեռանկար արկածախնդրությունից, որպեսզի, վերջապես կանգնի այլ ժողովուրդների, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները հարգելու ուղու վրա»,- ասել է ԼՂՀ ղեկավարը։
Բակո Սահակյանը լրագրողի հարցին ի պատասխան շեշտել է, որ ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես երբ խոսքը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ընթացող նման բարդ հակամարտության մասին է, պետք է լուծվի համապարփակ կերպով, «ողջամիտ եւ համարժեք փոխզիջումների» միջոցով։ «Մենք պատրաստ ենք փոխզիջումների, եթե դրանք չեն սպառնում մեր անվտանգությանը եւ եթե դրանք հակառակորդին նոր ագրեսիա սկսելու հնարավորություն չեն տալիս»։
Ֆրանսիացի լրագրողին հետաքրքրել է նաեւ ապրիլյան պատերազմի պատճառները։ «Ադրբեջանը խախտեց հրադադարը՝ անցնելով լայնամասշտաբ հարձակման, որը անվանվեց քառօրյա պատերազմ։ Այդ ագրեսիայի հիմնական պատճառը Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ատելության գաղափարախոսության վրա հիմնված պետական քաղաքականությունն էր, ապա նաեւ իշխանության բնութագիրը, որը կարելի է անվանել բռնապետական եւ տոտալիտար։ Ինչպես համաշխարհային պատմությունն է քանիցս վկայել, նման պետությունները նախկինի նման ագրեսիվ քաղաքականություն են վարում»,- ասել է Բակո Բահակյանը։
Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք աշխարհագրական մի վայրում կենտրոնացած ցանկացած փոքրամասնություն կարող է ինքնորոշում պահանջել՝ ԼՂՀ նախագահը շեշտել է, որ ցանկացած ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, որը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է։ «Ղարաբաղցիները 67 տարի պայքարել են, որպեսզի ազատվեն Խորհրդային Ադրբեջանի գաղութարար լծից, իշխանություն, որը խորթ էր մեզ համար եւ որը արհեստական էր ներդրված։ Հիշեցնեմ, որ որոշումն ընդունվել եւ իրականացվել էր մեր ժողովրդի կամքին հակառակ, բոլշեւիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի կողմից»։ Ապա Բակո Սահակյանը խոսել է 1988- ի ղարաբաղյան շարժման, 1991 թվականին ձեւավորված անկախ պետության մասին, որը կարողացել է պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից եւ արդեն 25 տարի կառուցում է ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն։
Իսկ օգտվելով ֆրանսիական խորհրդարանական պաշտոնաթերթի միջոցով ՝ֆրանսիացի եւ եվրոպացի քաղաքական դասին դիմելու հնարավորությունից՝ Բակո Սահակյանը շեշտել է. «Ոմանք ասում են, որ Եվրոպան ավարտվում է Ղարաբաղով։ Մենք կարծում ենք մեր կողմից՝ Լեռնային Ղարաբաղն է, որտեղից այն սկսվում է»։




