

Նոր ուսումնական տարվան ընդառաջ բուհական համակարգի խնդիրներին է այսօր անդրադարձել ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը: Նա նշել է, որ Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Մելիքյանը կարծում է, որ նոր օրենքը ոլորտի առաջ կանգնած մի շարք խնդիրների լուծմանը կարող է նպաստել։ Նաեւ ընդգծել է, որ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը ԿԳՆ-ն դեռ մի շարք անելիքներ ունի: Մասնավորապես, ըստ Մելիքյանի, օգոստոսի 25-ից կսկսվի հեռակա ուսուցման համար դիմումների ընդունումը. դիմորդները կարող են դիմում ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը: Հեռակա ուսուցումը լուրջ մասսայականություն է սկսել վայելել, քանի որ հնարավորություն է տալիս զուգակցել աշխատանքը կրթության հետ՝ ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Բուհական համակարգում ամենապահանջված մասնագիտությունները շարունակում են մնալ իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, օտար լեզուները: Միասնական և ներբուհական քննությունների արդյունքում այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 11.000 դիմորդ:
Բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել ընդունվել առկա ուսուցմամբ, կամ ուսմանը զուգահեռ ցանկանում են աշխատել, կարող են մասնակցել հեռակա բաժինների ընդունելությանը, որն անցկացվելու է օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ նշեց ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:
Անդրադառնալով մագիստրոսական կրթական ծրագրով բանակից զորացրված դիմորդների համար նախատեսվող արտոնություններին՝ գերատեսչության ներկայացուցիչը հայտնեց, որ մագիստրատուրայում հատկացված 112 անվճար տեղերում ուսումը շարունակելու համար բանակից զորացրվածներն իրենց դիմումները պետք է ներկայացնեն մինչև օգոստոսի 26-ը:
Ընդունելության այս տարվա նորամուծություններից Սասուն Մելիքյանն առանձնացրեց նոր կարգը, ըստ որի՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են բուհական զեղչերից օգտվել, ընդունելության դիմում-հայտերի հետ զուգահեռ պետք է նաև «Փարոս»-ից ներկայացնեն իրենց սոցիալական նիշը հաստատող փաստաթուղթ: Սա հնարավորություն կտա ուսանողին օգտվելու զեղչային համակարգից հենց առաջին իսկ կիսամյակից:
Նշենք, որ անվճար ուսման արտոնությունները գործում են նաև հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: Կարգը գործում է հանրապետության բոլոր բուհերում:




