
Այսօր Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 16 զինվորական:
Զինվորական կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական ծառայության պետ Գեւորգ Ոսկանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախնական տվյալներով 16 զինվորականներից որեւէ մեկի մոտ ծանր, ծայրահեղ ծանր վնասվածքներ չկան:
«Ըստ նախնական տվյալների՝ տուժած 16 զինվորներից ոչ մեկի մոտ ներքին օրգանների վնասվածքներ չկան: 3-4 հոգու մոտ կան վերջույթների, ազդրի, կոնքի կոտրվածքներ: Մնացածի մոտ փափուկ սալջարդեր են եւ քերծված վերքեր»,- ասել է Գեւորգ Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ վթարի մասին ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասում գտնվող «R&V կոմֆորտ» ՍՊԸ-ի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:




