Հասարակություն

Պետք է պատժվեն եւ հրաման կատարողները, եւ արձակողները՝ ասում են լրագրողները

sonahakobyan

Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին և լրագրողների նկատմամբ բռնություններին են այսօր անդրադարձել 4-րդ իշխանության ներկայացուցիչները: A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ու «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն անդրադառնալով երկու օր առաջ լրագրողների բողոքի ակցիային եւ ընդունված հայտարարությանը, նշեցին, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն հրաման կատարողները, այլեւ այն արձակողները։

 

Կուտակված խնդիրներն  այնքան էին շատացել և դարձել անլուծելի, որ այն, ինչ տեղի ունեցավ , պարզապես անելանելիության ճիչ էր. այսպես է որակում  հուլիս ամսին տեղի ունեցած իրադարձություններն ու Սասնա ծռերի քայլը A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին, որին արձագանքեց նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, լրատվական կայքի տնօրենին չի բավարարում նախագահի բանավոր ներողությունը, հատկապես երբ տուժած լրագրողները հայտնվել են հիվանդանոցում, իսկ մեղավորները շրջում են ազատության մեջ: «Եթե օրինակ ես հարվածեմ ոստիկանին, ինձ դրա համար դատ է հասնում, որովհետև ոստիկանն իր պարտականություններն է կատարում: Իսկ լրագրողն ինչո՞վ է տարբերվում այս պարագայում, երբ ունի վկայական և վրան էլ գրված է մամուլ։ Բայց թքած ունեն այդ ամեն ինչի վրա և կարող են ռմբակոծել, մահակով ծեծել և գցել հիվանդանոց»:

Լրագրողների նկատմամբ բռնություններ եղել են նաև նախորդ 20-25 տարիների ընթացքում՝ հիշեցնում է «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և շեշտում, որ եթե վերջին տարիներին մամուլը որոշակի ազատություն է ձեռք բերել և ինֆորմացիան հասնում է լսարանին, ոչ թե իշխանությունների, այլ հասարակության ձեռքբերումն է: «Պետք է նշել նաև մեր լրագրողների, մեր ԶԼՄ-ների համառ աշխատանքներն այդ ուղղությամբ։ Մենք նվաճել ենք այդ իրավունքը, որպեսզի կարողանանք 2016-ին ազատ, առանց բռնությունների գործել: Բայց տեսանք, որ իշխանությունը իր տարբեր օղակներում և պետական ծառայողների մակարդակում պատրաստ չէ ընդունել այդ իրողությունը և անընդհատ վախեցնելու և ճնշելու փորձեր է անում, որպեսզի լրատվությունը չկարողանա հանրությանը իրազեկելու իրենց առաքելությունն իրականացնեն»։

Եթե ընդամենը մի քանի տարի առաջ  իշխանությունը  ԶԼՄ-ներին մեղադրում էր գաղջ մթնոլորտ ստեղծելու և երկրի առաջընթացը խոչընդոտելու մեջ, այսօր արդեն երկրի նախագահը ընդունում է, որ լրատվամիջոցների աշխատանքը կարևոր է երկրի համար և ներողություն խնդրում տեղի ունեցածի համար՝ արդեն իսկ առաջընթաց է՝ ասում է Արմինե Օհանյանը։ «Բայց ինչ են նշանակում այդ բանավոր ներողությունները, եթե ովքեր պետք է լսեն մամուլին հարգելու այդ կոչերը, բանի տեղ չեն դնում: Համենայն դեպս՝ տարեց տարի մենք տեսնում են որ ոստիկանները և ոչ միայն տարրական հարգանք չունեն: Պետական ապարատում աշխատող մամուլի ծառայությունները մեր հարցադրումներին բավարար չեն պատասխանում, վիրավորում են»:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու գործով քրեական գործի հարուցմանը և 2 անձի կալանավորմանը՝ լրատվամիջոցների ղեկավարները դրան լուրջ չեն վերաբերվում։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն հրաման կատարողները, այլև հրաման արձակողները՝ ասում են:

Ի դեպ հուլիսյան դեպքերին արձագանքել է նաև Սփյուռքը: Լիբանանի համազգային Ասլանյան դպրոցի տնօրեն Տիգրան Ջինբաշյանը Հայաստանում էր այդ իրադարձությունների ժամանակ: Եթե Լիբանանում գտնվելու ընթացքում հեռուստատեսությամբ տեսնում էր, թե Հայաստանն ինչպիսի առաջընթաց է ապրում և ինչ շինություններ են կառուցվում, ապա Հայաստան վերադառնալով բոլորովին այլ իրականության ականատեսն է դարձել: «Լիբանանում նստած էլ, երբ հեռուստատեսությամբ դիտում ես էլիտար հաստատությունները, շենքները, հյուրանոցները, Հայաստանում ամեն ինչ էլիտար է: Մինչդեռ ժողովրդի մեծամասնությունը այդ բոլոր բարիքներից բոլորովին զուրկ է և շատ հասկանալի է, որ այդ ժողովուրդը պետք է դժգոհ լինի այդ վիճակից»։

Լիբանանահայության ներկայացուցիչը նկատում է, որ ժողովուրդը դժգոհ է և ունի դժգոհ լինելու բոլոր իրավունքները:

Կարդացեք նաև

Back to top button