
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Օգոստոսի 11-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է հանրապետությունում գործող և հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Մամուլի ասուլիսը հրավիրվել էր բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի, այդ թվում նաև ապրիլյան զարգացումների արդյունքները ամփոփելու, ինչպես նաև գործունեության ընթացիկ և առաջիկա կարևորագույն ուղղությունների նախանշման նպատակով:
ՊԲ բանակի հրամանատարը իրավիճակն առաջնագծում հիմա հանգիստ է համարում: Կրակի դադարեցման ռեժիմի խախտումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրկնակի քիչ են: Այդ համեմատական վերլուծությունից դուրս են, իհարկե, ապրիլյան իրադարձությունները, որոնք, նախարարի գնահատմամբ, նախորդ ժամանակաշրջանի լարվածության տրամաբանական շարունակությունն էին:
Այդ իրադարձությունները մասամբ պայմանավորել են ՊԲ հետագա անելիքները: Լեւոն Մնացականյանը լրագրողներին վստահեցրեց, որ այսօր արդեն առաջնագծում պաշտպանության բանակի հնարավորությունները թե տեխնիկական, թե ինժեներական առումով մեծացել են: Ընդ որում՝ մեր զինվորները կատարված փոփոխությունների արդյունքում նաեւ խորքային հետախուզության հնարավորություն ունեն:
Պաշտպանության բանակն այժմ հետեւում եւ վերլուծում է ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժը, զորավարժությունները, կատարում վերլուծություններ եւ պատրաստ է դիմակայելու հակառակորդի ցանկացած գործողության։




