
տեղադրված է ժամը 15։07- ին
լրացված է ժամը 17։ 22

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ մինչև 2018 թվականը չեղյալ կհամարվի օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի թույլտվության անհրաժեշտությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում օտարերկրյա աշխատողների թիվն այնքան մեծ չէ, որպեսզի աշխատանքի ազգային շուկայի համար բարդություններ ստեղծվեն:
«Միաժամանակ, ըստ նրա, վերոհիշյալ պահանջների առկայության պատճառով գործատերը ստիպված է 15 օր ծախսել թույլտվություն ստանալու համար և 25 հազար դրամ (50 դոլարից քիչ ավելի) յուրաքանչյուր թույլտվության համար»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ աշխատանքի թույլտվությունները չեղյալ կհամարվեն մինչ 2018 թվականի հունվարի 1-ը: Այս ընթացքում հանրապետությունում կմշակվեն աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան օտարերկրյա աշխատողների քվոտաներ:
Ներկայում Հայաստանում աշխատում են 5 հազար 179 օտարերկրյա հիմնականում հատուկ որակավորում ունեցող քաղաքացիներ։ Այնպիսի մասնագետներ, որոնց դժվար է գտնել Հայաստանում: Այդ աշխատողների մեծամասնությունը ծագումով հայեր են:
Կառավարության որոշմամբ Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի, որը նպատակ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելման և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու նպատակով սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական և սոցիալ-իրավական բնույթի սոցիալական ծառայություններ կազմակերպել ու օգնել, իրավական խորհրդատվության տրամադրել կյանքի դժվարին վիճակում հայտնված 3-18 տարեկաններին:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծին։ Այն համայնքներին հատկացվող պետական դոտացիաների կարգի մասին է:
Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով նախատեսում է մեծ դոտացիաներ հատկացնել Երեւանից դուրս գտնվող բարձրլեռնային բնակավայրերին, որոնք նախկինում շրջկենտրոններ են, ու այսօր կորցրել են նախկին արտադրական հզորություններն ու չունեն լրացուցիչ բյուջետային մուտքեր և այս փոփոխության արդյունքում ստանալու են ավելի մեծ դոտացիաներ՝ լրագրողներին պարզաբանեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Մայրաքաղաքից, նախկին շրջկենտրոնից կամ մարզպետարանից ունեցած հեռավորությունով պայմանավորված` բնակավայրերն ավելի մեծ դոտացիա կստանան, քանի որ համայնք պահելը, ծառայություններ իրականացնելն այդ հեռավորության վրա ծախսատար է»,- պարզաբանեց Դավիթ Լոքյանը:
Օրինագիծը վերաբերում է համայնքներին հատկացվող պետական դոտացիաների կարգին։ Փաստաթուղթն արդեն 8 տարի է մշակված է, սակայն շրջանառության մեջ չէր դրվում, քանի որ համապատասխան պայմանները թույլ չէին տալիս՝ ասաց Դավիթ Լոքյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում գտնվել են ելքեր և այսօր օրինագիծն իր համապատասխան անցումային դրույթներով կառավարության կողմից հաստատվեց աշնանը կուղարկվի Ազգային ժողով քննարկման և ընդունման համար: Նախատեսվում է օրենքն ամբողջությամբ գործածության մեջ դնել 2020 թվականին:




