Հասարակություն

Նավասարդյան օրերն ու մեր գենետիկ հիշողությունը

sonahakobyan

Նավասարդյան օրերը հայերը տանում էին առանձին շուքով, որը համարվում էր տարվա ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։ Նոր տարին սկսվում էր նավասարդի մեկից և տևում մեկ շաբաթ։ Հայկական բոլոր ընտանիքներում ավանդական Ամանորը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ էին պատրաստում։ Նավասարդի՝ որպես գենետիկ հիշողության զարթոնքի, ինչպես նաև ազգային ծեսերին և ազգային խոհանոցին են այսօր անդրադարձել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ  Սեդրակ Մամուլյանը և էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:

 

Հին հայկական տոմարով  Նավասարդը տարվա առաջին ամիսն էր: Այս տոնը հայերը նշել են մեծ հանդիսությամբ՝ փառաբանելով բնության զարթոնքը, դիմել Հայոց  աստվածներին, որպեսզի տարին բերքառատ լինի: Ըստ ավանդույթի` Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում հենց այդ օրն է  սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Հաղթանակը  տեղի է ունեցել ՔԾԱ 2492թ. օգոստոսի 11-ին: Նավասարդը, սակայն, միայն Հայկի հաղթանակը չէ թշնամու նկատմամբ: Նավասարդը ինքնագիտակցության շատ կարևոր փուլ է մի ողջ ժողովրդի համար՝ մեծապես կարևորելով  ազգային ավանդույթների ճիշտ ընկալումն ու գիտակցումը՝ նշեց էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:

Նախաքրիստոնեական Հայաստանում Նավասարդը հայ ժողովուրդը նշում էր մեծ շուքով, խրախճանքներով, ձիարշավներով ու բազմապիսի խաղերով: Ամանորին նվիրված տոնակատարությունները տեւում էին օրեր: Մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում հատկապես Բագավանում եւ Աշտիշատում: Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում, տոնակատարությանը ներկա էին լինում թագավորը, իշխանական դասը եւ ժողովուրդը: Ուխտավորները զոհաբերության համար այստեղ էին բերում խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ: Նավասարդի տոնախմբությանը հավաքված բնակչությունն իր հետ բերում էր տարվա պտուղների առաջին բերքը: Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։  Իսկ Նավասարդի խոհանոցը հենց թոնրի խոհանոց է, այսինքն՝ այս տոնի ուտեստները պատրաստվում են թոնրի մեջ՝ նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։  Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։ Այսպիսով՝ Նավասարդյան օրերը կրում էին ազգային- ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին:

Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո, սակայն, ինչպես աշխարհի շատ երկրներում, հայ ժողովրդի ավանդական տոնացույցում եւս կատարվեցին փոփոխություններ: Նավասարդյան տոնակատարությունները ժողովրդի կենցաղից կամաց-կամաց դուրս մնացին:

Back to top button