
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Յենի չաղ» պարբերականում ազգայնամոլ գործիչ Արսլան Բուլութը գրել է, որ Էրդողանի հիմնական հակառակորդ եւ Անկարայի կողմից հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենն ունի Թուրքիայում բնակվող իսլամացած հայերի եւ այլ ազգային փոքրամասնությունների մատյանները՝ հայտնում է Akunq.net-ը։
Նա անդրադարձել է նաև Գերմանիայում կայացած մի խորհրդաժողովի ժամանակ դոկտոր, պրոֆ. Հասան Քյոնիի հետևյալ խոսքերին. «Տեղահանության ժամանակ իրենց բնակավայրերից չհեռանալու նպատակով իսլամացած հայեր էլ կան: Սակայն մենք չենք կարող իմանալ, թե ովքեր են նրանք: Նրանց թիվը 300-400 հազար է: Բացի այդ, կան նաև կրոնափոխ հրեաներ և կրոնափոխ հույներ: Դժբախտաբար, Թուրքիայի Հանրապետությունն իր քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար չի բացահայտում նրանց: Թերևս, պետության ղեկին ևս հայկական ծագումով բարձրաստիճան պաշտոնյաներ ունենք» (մանրամասները՝ այստեղ)։




