Հասարակություն

Դրսում արդարություն փնտրելիս՝ անընդունելի է ներսում անդարդարությունը

karenghazaryan

Անընդունելի է, որ հայերն իրենց իսկ հայրենիքում անարդարության ականատես լինեն` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել են մշակույթի մի խումբ գործիչներ՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի  գործողություններին եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Խոսելով, մասնավորապես, Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակի մասին՝ նրանք մտահոգություն են հայտնել, որ երկրում քաղաքացիները չափազանց անպաշտպան են, քանի որ պատկան մարմինները գործ չեն հարուցում այն պատճառների ու գործողությունների համար, որոնց արդյունքում մարդիկ հայտնվում են հիվանդանոցում:

 

Մենք, որ պայքարում ենք միջազգային ընտանիքի մոտ արդարություն ձեռք բերելու համար, անընդունելի է, որ մեր հայրենիքում ոտնակոխված տեսնենք արդարությունը՝ ասաց Եղիշե Պետրոսյանի բարեկամուհի Վերա Սիսեռյանը: «Այսքան անպատասխանատվությամբ իրավունք չունենք մեր հայրենիքի հետ վարվելու եւ մեր ժողովուրդը անօգնականության եւ հուսալքումի մատնելու»,- ասում է։

Եղիշե Պետրոսյանի նման սկզբունքային ու հետեւողական անձի ներգրավվածությունը վերջին շրջանի բողոքի ակցիաներին, Վերա Սիսեռյանի խոսքով, պետք է վստահեցնի, որ շարժումն արդար է ու տեղին: Հիշեցնենք, որ երգիչ- երգահան Եղիշե Պետրոսյանը բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է, ավելի ուշ ազատ արձակվել, իսկ ներկայումս գտնվում է հիվանդանոցում՝ նախաինսուլտային վիճակով: Վերա Սիսեռյանի խոսքով՝ նա կոչ է արել շարունակել պայքարը բոլոր ձերբակալվածների համար՝ մինչեւ նրանց ազատ արձակումը:

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ անկեղծ է եւ կարեւոր, երբ Եղիշե Պետրոսյանի նման անկաշառ մարդն իր բողոքի ձայնը բարձրացրեց, եւ պետք չէր նրան զրպարտել, թե՝ Սարի թաղում անկարգությունների կոչ է արել, քանի որ մինչ Սարի թաղը նրան արդեն հիվանդանոց են տեղափոխել։

Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ չի կարելի ստով ու կեղծիքով առաջ շարժվել, քանի որ դա տանելու է կործանման ու բոլորը պետք է մտահոգված լինեն երկրի ճակատագրով: Դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանի խոսքով՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների բողոքի ակցիայի ելածները բոլորն էլ մարդիկ էին, ովքեր գիտակցում են երկրում տիրող մթնոլորտի անընդունելի լինելը: Նա չի կիսում այն տեսակետը, թե բողոքի ակցիաները չունեին լիդեր: Ժողովրդավար ժամանակակից երկրները լիդերի երկրներ չեն՝ ասաց։

«Սասնա ծռեր» խումբը հուսահատության ծայրահեղ վիճակից դիմեց նման քայլի եւ այն, ըստ բանախոսների, շատ բան փոխեց մարդկանց գիտակցության մեջ:

Back to top button