Հասարակություն

Կանգառ՝ ծառայողական մեքենաների համար.«Աքիլլեսը» սա օրենքի խախտում է համարում

sonahakobyan
Երեւանում մեքենաների կայանման խնդիրներին է այսօր անդրադարձել «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ խանութների կամ հիմնարկությունների առջև կայանում արգելելու նպատակով  դրված տարբեր առարկաները ապօրինի են։ Չկա որևէ օրենք, որը թույլ է տալիս ծառայողական և արգելում մյուս մեքենաների կայանումը՝ ասել է։ Ավելին՝ կողմնակի առարկաների տեղադրումը վարչական իրավախախտում է, որի համար սահմանված է 50.000 դրամ տուգանք։

 

Երեւանում ճանապարհային երթևեկության կազմակերպման պատասխանատվությունը օրենքով դրված է քաղաքապետի վրա, իսկ ճանապարհային ոստիկանության վրա դրված է նշան տեղադրելու գործառույթը: Բայց արդյոք այն, ինչ մենք ունենք այսօր, իսկապես նշված օրինականության սահմաններում է: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ճիշտ հակառակն է տեսնում:

«Ունենք օրենքներ, որտեղ ասվում է, թե ով ինչ պետք է անի, բայց արվում է շուռ տված: Քաղաքապետարանը պետք որոշի, թե որտեղ ինչ նշան դրվի, բայց դա անում է ՃՈ-ը: Իսկ քաղաքապետը ձեռքերը մաքրել է: Ասում է չեմ կարող անել, որովհետև կառավարությունն ինձ փող չի տալիս: Ստացվում է այնպես, որ քաղաքապետին տրված լիազորությունները նա չի անում, անում է ՃՈ-ը, որը չպետք է անի: Այսօր ուզում է մի նշան այստեղ կդնի, կուզենա, վաղը կհանի: Գծանշումները ոնց ուզում անում են: Վերջերս շատ են օգտագործում «ահաբեկչություն» բառը: Բա սա ահաբեկչություն չէ վարորդների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է խանութների կամ հիմնարկությունների առջև դրված տարբեր առարկաներին, որոնք իբրև թե  հուշում են, որ տվյալ տարածքում կարող են կայանել միայն ծառայողական կամ տվյալ հաստատությանն առնչվող այլ մեքենաներ, ապա դա ևս օրենքի խախտում է, որի համար սահմանված է 50.000 դրամ տուգանք։

«Երևան քաղաքի բոլոր ճանապարհները տնօրինում է քաղաքապետը և վարչական շրջանները: Չկա նման բան, թե երթևեկելի ինչ որ մաս համարվի ինչ որ հիմնակի սեփականություն: Երթևեկության կանոններում նման նշան չկա, որով ծառայողական մեքենաներին թույլատվում է, ոչ ծառայողականներին՝ չի թույլատրվում»:

Անդրադառնալով կողմնակի առարկաներին, որոնք արգելում են այլ մեքենաների կայանումը, Էդուարդ Հովհաննիսյանը վարորդներին պարզապես խորհուրդ տվեց իջնել մեքենայից, դրանք տեղաշարժել և կանգնել այդ վայրում: Հարցին, թե ինչ անի տվյալ վարորդը, եթե հայտնվի հաստատության ներկայացուցիչն ու արգելի այլ մեքենայի կայանումը, ավտովարորդների իրավապաշտպանը հուշեց, որ այդ ժամանակ պետք է զանգել ՃՈ: Պատկան կառույցի ներկայացուցիչը վարկյանների ընթացքում կլուծի այդ խնդիրը՝ համոզված է «Աքիլլեսի» ղեկավարը։

Back to top button