Հասարակություն

Ինչ անել ջերմային հարվածի ժամանակ

Լավ ինքնազգացողության, բարձր աշխատունակության և առողջության պահպանման պայմաններից մեկը օրգանիզմի ջերմակայուն վիճակի ապահովումն է: Մարդու ջերմային վիճակը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի ջերմակարգավորման ինքնակարգավորվող մեխանիզմների միջոցով:

Ջերմակարգավորումն իրականացվում է ջերմագոյացման (քիմիական ջերմակարգավորում) և ջերմատվության (ֆիզիկական ջերմակարգավորում) պրոցեսների միջոցով:

Մարդու ջերմակարգավորման համակարգի կենսաբանական հնարավորությունները սահմանափակ են, և տաք միջավայրում երկարատև գտնվելու պայմաններում օրգանիզմը չի կարողանում պահպանել ջերմային հավասարակշռությունը: Տեղի է ունենում ջերմության կուտակում օրգանիզմում: Եթե մարդը շարունակում է այս պայմաններում մնալ, ապա օրգանիզմում շարունակվում է ջերմության կուտակումը, որը հանգեցնում է օրգանիզմի գերջերմացման. մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39°С, որը ուղեկցվում է գլխացավով, գլխապտույտով, ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով, փսխումով, դեմքի գերարյունությամբ (հիպերէմիա) և այլն: Այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել կյանքի համար:

Ջերմային անբարենպաստ պայմաններում մնալն ավելի է խորացնում վիճակը և հանգեցնում ջերմային հարվածի. մարմնի ջերմաստիճանը հասնում է մինչև 40-41°С, նկատվում է գունատություն, բբերի լայնացում, մակերեսային շնչառություն, զարկերակային ճնշման անկում (ջերմային կոլապս), գիտակցության կորուստ, ծանր դեպքերում՝ նյարդահոգեկան խանգարումներ:

Նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ.

• նախ տուժածին պետք է դուրս բերել տվյալ տարածքից և տեղափոխել ստվերոտ և զով տեղ,

• սառը թրջոցներ դնել արյունատար խոշոր անոթների շրջանում՝ թևատակ, պարանոց՝ մարմնի ջերմաստիճանը իջեցնելու նպատակով,

• տուժածին տալ հեղուկներ և անմիջապես դիմել բժշկի:

Back to top button