Սպորտ

Ռիո 2016- ն սկսվեց բրազիլական գույներով, բրազիլական բողոքներով ու անվտանգության խնդիրներով

hasmikmartirosyan

Բրազիլիան ոմանց համար ճանաչելի դարձավ սերիալներով, ոմանց՝ տաքարյուն բրազիլուհիներով, ոմանց՝ սուրճով, ինչու չէ նաև մեծ ժողովրդականություն վայելող սամբայով և լամբադայով: Բայց մեկ փաստ անհերքելի է, բրազիլական այցեքարտը ֆուտբոլն է ու դրա համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդար աստղերը: Այսօր արդեն Ռիո դե Ժանեյրոն դռներն է բացել  207 երկրի 12 հազար մարզիկի, 28 երկրի առաջնորդի և միլիոնավոր զբոսաշրջիկների առջև:

Գունագեղ ու բրազիլական ոճով ամառային Օլիմպիական խաղերի բացումը մեկնարկեց օգոստոսի լույս 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 3-ին՝ «Մարականա» մարզադաշտում: Մոտ 74 հազար հանդիսական է ներկա գտնվել Հարավային Ամերիկայի մայրցամաքում առաջին անգամ անցկացվող խաղերին։ Մինչ կսկսվեր պաշտոնական մասը, կազմակերպիչները ժամանակակից համակարգչային ձևավորումների միջոցով ներկայացրեցին Բրազիլիայի պատմությունը։ Այնուհետև, աշխարհի 205 երկրների մարզիկները պատվո շրջան կատարեցին մարզադաշտում։ Հայաստանի դրոշը վեր պարզած քայլեց լողորդ Վահան Մխիթարյանը։ Տեղեկացնենք, որ Հայաստանը կմասնակցի 33 մարզիկով:

Ի դեպ, խաղերի մեկնարկի առաջին օրն արդեն իսկ սահմանվել է համաշխարհային ռեկորդ նետաձիգների մրցումներում: Տղամարդկանց անհատական մրցումների առաջին շրջանում հարավկորեացի Կիմ Ուջինը հնարավոր 720-ից վաստակել է 700 միավոր: Նա շրջանցել է Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում իր հայրենակցի՝ Իմ Տոն Հյունի սահմանած 699 միավոր ռեկորդը:

Սա մարզական տոնի մասին։ Այժմ խոսենք դրա հակառակ կողմից՝ Բրազիլիայի փոցներում տիրող իրավիճակի մասին։

Ցուցարարները Օլիմպիադայի բացումից առաջ «Մարականա» մարզադաշտի հարակից տարածքում ակցիա են իրականացրել:

Տեղի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ:  Ակցիայի մասնակիցները դժգոհում են երկրում տիրող կոռուպցիայից և տնտեսական ճգնաժամի ընթացքում խաղերի վրա ծախսված հսկայական գումարներից:

Համաշխարհային մամուլը օլիմպիադայի կազմակերպման համար ծախսված 14 մլրդ դոլարը տնտեսական խնդիրներ եւ աղքատության մեծ ցուցանիշ ունեցող երկրի համար գնահատում են բավականին մեծ։ 2008 թվականի դրությամբ՝ աղքատ է Բրազիլիայի բնակչության 10,5 տոկոսը: 1995-ից մինչև 2008 թվականը Լատինական Ամերիկայի այս խոշորագույն երկրի` նման եկամուտներ ունեցող բնակիչների թիվը տարեկան միջին հաշվով կրճատվել է 0,8 տոկոսով, սակայն 2003-ից մինչեւ 2008 թվականն ընկած ժամանակաշրջանում աղքատության նվազման տեմպերն աճել են տարեկան մինչև 2,1 տոկոս, և դա լավատեսության հիմք է տալիս:

Ցուցանիշները պաշտոնական են, իսկ համացանցի տվյալները՝ այլ: Երկրում համընդհանուր բողոք կա իշխանությունների կողմից կոռուպցիոն չարաշահումների ու պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման դեմ: Երկրի նախագահի պաշտոնակատար Միշել Թեմերը, խոսելով օլիմպիական կազմակերպման համար կատարված ծախսերից, ասել է, որ օլիմպիական օբյեկտների ընդհանուր ներդրումների 60 տոկոսը, որը կազմում է 7.07 միլիարդ ռեալ, ֆինանսավորվել է մասնավոր հատվածի կողմից: «Այս ռեսուրսներն ու ջանքերը մեր երկրին կմնան որպես ժառանգություն»,- շեշտել է նախագահի պաշտոնակատարը: Ի դեպ, մարզիկների անվտանգության ապահովման պատասխանատուները հրոդորել են իգական սեռի ներկայացուցիչներին երեկոյան միայնակ դուրս չգալ օլիմպիական ավանից, իսկ ընկերների ընկերակցությամբ այցերը լինեն ոչ ուշ ժամերի: Նույն հորդորով են դիմել նաեւ տուրօպերատորները զբոսաշրջիկներին:

Այսօր արդեն տեղեկատվության ստացվեց, որ պաշտպանության կարիք ունեն ոչ միայն մարզիկները, այլեւ՝ տեղացիները։ Մարոկկացի բռնցքամարտիկ Հասան Սաադան Ռիո դե Ժանեյրոյում ձերբակալվել է օլիմպիական ավանում երկու մատուցողուհու բռնաբարելու փորձից հետո։ Բռնցքամարտիկը, ով հանդես է գալիս մինչև 81 կգ քաշային կարգում, պետք է ելույթներն Օլիմպիական խաղերում սկսեր այսօր, սակայն ձերբակալության պատճառով բաց կթողնի Օլիմպիադան:

Ռիո-2016-ի համար Բրազիլիա ժամանած մարզիկները անակնկալի են եկել, երբ մարզումներից վերադարձել են և սենյակները թալանված գտել։ Կողոպտիչները գողացել են դանիացի մարզիկների բջջային հեռախոսները, հագուստն ու պլանշետները:

Ռիոյում գտնվողների անվտանգությանը սպառնում է նաև Զիկա վիրուսը։ Երկրի նախագահի մակարդակով անգամ հայտարարվեց, որ այն չի կարող խաթարել խաղերին։ Այսպիսով՝ Ռիո 2016-ը սկսվեց նախագահի պաշտոնակատարի դեմ ուղղված սուլոցներով, բրազիլական գույներով ու ռիթմով։

Back to top button