Հասարակություն

Վերնիսաժը փորձում են տոնավաճառի վերածել՝ ասում են ժողովրդական վարպետները

 

sonahakobyan

Վերնիսաժի տարածքում վերակառուցման աշխատանքները շարունակվում են, սակայն աշխատանքներին զուգահեռ այստեղ իրենց աշխատանքները վաճառող ասեղնագործ-ձեռագործ ժողովրդական վարպետները դիմել են բարձրաստիճան պաշտոնյաներին:  Վերնիսաժում տիրող իրավիճակը ձեռագործ աշխատանքների հեղինակներին և մշակութային արժեքներ ստեղծող վարպետներին մեղմ ասած չի գոհացնում: Արհեստագործները վիրավորված նաև իրենց հանդեպ դրսևորվող վերաբերմունքից: Այժմ այնպիսի ապրանքներ են վաճառում, որոնք բացարձակապես կապ չունեն Վերնիսաժի հետ, հնդկական ցուցահանդեսներից մնացած արծաթեղեն, թուրքական արտադրության կտորներով պայուսակներ՝ ասում են: Իսկ իսկական վարպետները, ովքեր իրենց աշխատանքն են ներկայացնում, հայտնվել են բոլորովին անհարմար և փոշոտ տարածքներում:

 

Ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանը, ով արդեն երկար տարիներ զբաղվում է ձեռագործ աշխատանքով և դրանք ներկայացնում է Վերնիսաժում, այժմ անորոշության մեջ է: «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ դեռևս գարնանը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պաշտոնյաները ձեռագործ մյուս վարպետներին հավաստիացրել են, որ Վերնիսաժի վերակառուցումից հետո իրենց համար լավ պայմաններ են ստեղծվելու: Այսօր սակայն բոլորովին այլ իրականության մեջ է հայտնվել: Պարզվում է՝ Վերնիսաժի վերակառուցման ծրագրով այն ցանկանում են դարձնել ցուցահանդես-վաճառքի կենտրոն, որտեղ կվաճառվի ամեն ինչ, մինչդեռ վերնիսաժը պետք է լինի բացառապես արվեստի և մշակութային արժեքների իրացման վայր:

Խոստացել էին տեղափոխել ավելի լավ տարածք, մինչդեռ սեփական ձեռագործ աշխատանքներ ներկայացնող վարպետները հայտնվել են  փոշոտ և բոլորովին անհարմար վայրում: Վերաբերմունքն ավելի քան վիրավորական է՝ ասում է ժողովրդական վարպետը,

Տիկին Վարդիշաղը, ի դեպ, միակը չէ, ով դժգոհ է ստեղծված իրավիճակից ու նման վերաբերմունքից: Մինչ շրջում էի Վերնիսաժում , ինձ շրջապատեցին տասնյակ վարպետներ, ովքեր մեկը մյուսին հերթ  չտալով իրենց կարծիքն էին հայտնում այսօրվա Վերնիսաժի մասին, որն այլևս դադարել է ձեռագործ աշխատանքների և մշակութային արժեքների ցուցադրության վայր լինել:

Զրուցակիցներիս համար վիրավորական է: Այստեղ այժմ այնպիսի ապրանքներ են վաճառում, որոնք բացարձակապես կապ չունեն Վերնիսաժի հետ՝ հնդկական ցուցահանդեսներից մնացած արծաթեղեն, թուրքական արտադրության կտորներով պայուսակներ:

Արդյո՞ք այս դժգոհությունը կպահպանվի նաև վերակառուցման աշխատանքների ավարտից հետո, ժամանակը ցույց կտա: Իրենց գործի վարպետները դեռ վերջնականապես չեն կորցրել հավատը: Հույս ունեն, որ Վերնիսաժը մի օր նորից կդառնա մշակութային կենտրոն:

Կարդացեք նաև

Back to top button