«Բարեւ Երեւանի» անդամների կալանավորումից հետո խմբակցությունը կաթվածահար է՝ ասում է Ա. Բախշյանը
«Ժառանգություն» կուսակցության պատգամավորները որեւէ կերպ չեն կարողանում հանդիպել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքից իրենց կալանավորված գործընկերների հետ: Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորվել են Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը: Վերջինի փաստաբանը նշում է, որ դատական որոշումների բողոքարկման գործընթացը շարունակվում է, բայց առաջնայինը՝ պաշտպանյալի առողջական խնդիրներն են: Ի դեպ, փաստաբանը շարունակում է նաեւ պնդել, որ քաղաքական ակտիվիստների հանդեպ քրեական գործերը հարուցվել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության աշխատանքը կաթվածահար է եղել, քանի որ խմբակցության հինգ անդամից երկուսը ձերբակալված է՝ հայտարարում է խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը: Նա երեկ կոչով դիմել է ավագանու բոլոր անդամներին, կազմակերպել է ստորագրահավաք, բայց գործընկերներն ակտիվ չեն արձագանքել: Ստորագրահավաքին միացել է ԲՀԿ-ից ընդամենը 4 անդամ, իսկ Հանրապետական խմբակցությունն ընդհանրապես չի արձագանքել Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը: Մեր բոլոր ջանքերը՝ լսել ավագանու Հանրապետական խմբակցության միասնական տեսակետը, ապարդյուն էին՝ խմբակցության քարտուղար Սուրեն Ներսիսյանի հեռախոսը մշտապես անջատված է:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից հետո ձերբակալվել են եւ հետո երկամսյա կալանքի ենթարկվել ավագանու անդամներ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը: Նրանց առաջադրված է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք:
Թեեւ ավագանու անդամներն անձեռնմխելիություն չունեն, բայց խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը նշում է հետեւյալը. «Մեր գործունեությանը խոչընդոտում է ՀՔԾ-ն, որի իրավունքը ես չգիտեմ՝ ունի, թե չունի: Իհարկե, ավագանու անդամն անձեռնմխելիություն չունի, բայց այդ մարդիկ երեւանցիների կողմից ընտրված մարդիկ են: Ես ընդամենը հիշեցնեմ, որ Արմեն Մարտիրոսյանն այն պատգամավորն էր, ով իր մարմնով փրկեց ոստիկանի կյանքը մարտի 1-ին քաղաքապետարանի մոտ եւ ընկավ հիվանդանոց, ուղղակի հրաշքով հաշմանդամ չդարձավ: Եվ այդ մարդուն այսօր ներկայացնեն այդպիսի անհեթեթ կալանավորման որոշում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը՝ ինչքան, որ հետեւեցինք, ինչքան որ տեսանք»,- ասում է:
Նախկին պատգամավորը հիշում է, որ այդ պաշտոնում մշտապես կարողացել են այցելել եւ հանդիպել կալանավորվածների եւ ձերբակալվածների հետ։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության այսօրվա պատգամավորները դա անել չեն կարողանում, հանդիպում են խոչընդոտների՝ ասում է Անահիտ Բախշյանը՝ կատարվածը որակելով իբրեւ քաղաքական ճնշումներ: Դա, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենա նաեւ աշնանը կայանալիք Վանաձորի եւ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վրա՝ կանխատեսում է գործիչը: Վերադառնալով կալանավորված գործիչներին՝ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը հիշեցնում է՝ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված իր պաշտպանյալին բերման են ենթարկել մի քանի անգամ: Ըստ փաստաբանի՝ մեղադրանքի զավեշտն այն է, որ Սանասարյանը մեղադրվում է կոնկրետ գործողությունների մեջ այն ժամանակ, երբ նա իրականում եղել է ձերբակալված, փաստացի՝ անազատության մեջ:
Փաստաբանի ներկայացմամբ՝ իր պաշտպանյալի առողջական խնդիրները շարունակվում են: Հիշեցնենք՝ առաջին ձերբակալությունից հետո նրա մոտ առաջացել էր ուղեղի ցնցում, իսկ արդեն վերջին դատական նիստի ժամանակ ունեցել է նաեւ երիկամային ցավեր:
Հատկանշական է, որ այս բոլոր պատմությունների մեջ պարզվել է, որ առողջական խնդիրներ ունի նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ ինչով էլ հիմնավորում է իր հրաժարականը: Ու չնայած ներկայացված հիմնավորմանը, շատերը շարունակում են այս հրաժարականը կապել հենց վերջին օրերի իրադարձությունների հետ: «Գլխավոր դատախազը հարցազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ եթե <Սասնա ծռերը> զենքերը վայր դնեն, ապա քրեական պատասխանատվության ինչ որ կետեր դուրս կգան եւ այլն, այսինքն՝ կթեթեւանա պատիժը, բայց հետո պարզվեց, որ դատախազը պարզապես սուտ է խոսել: Կարող է հանկարծ ինքը վիրավորված լինի այդ վիճակից եւ հրաժարական տա: Շատ նորմալ կլիներ, եթե այդպես լիներ»,- ասում է Անահիտ Բախշյանը։
Վերջում հավելենք, որ կալանավորված քաղաքական ակտիվիստների փաստաբանները շարունակում են պնդել, որ քրեական գործերը հարուցվել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիմա վրա՝ անտեսելով առկա տարբեր տեսակի տեսաձայնագրությունները: