Հասարակություն

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

khachaturԱյսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Խաչատուր Խաչատրյանին մեղավոր ճանաչեց կաշառք ստանալու մեջ և դատապարտեց 8 տարի ազատազրկման` ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Խաչատրյանի փաստաբան Կարեն Թումանյանը։ Խաչատուր Խաչատրյանը նույն այս դատարանի դատավոր էր։

«Որպես դատավորի պաշտպան՝ կայացված դատական ակտը գնահատում եմ ապօրինի և անարդար:

Ավելի քան 20 ամիս կատարված նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվեց, որ դատավորը ոչ թե կաշառք չի վերցրել, այլ ԱԱԾ մարմիններն անձական կամ այլ դրդապատճառներով իրենց գործակալի միջոցով պրովոկացիայի են ենթարկել դատավորին:

Դատական համակարգը, այս ամենը հասկանալով, ոչ միայն չփորձեց պահել դատական համակարգի արժանապատվությունը, այլ էլ ավելի ստորացնելով դատական համակարգը օրինականացրեց ԱԱԾ-ի կողմից իրականացրած անօրինականությունները:

Բոլորի համար ակնհայտ դարձավ, որ դատավորը չէր կարող 3 ամիս գործը հետաձգելու համար պահանջեր և ստանար 20,000 ԱՄՆ դոլլար»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականի մարտի 30- ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր դատավորի կաշառք ստանալու գործով նախաքննության ավարտի մասին։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014թ. հուլիսի 23-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել բանկի կողմից «Զոսեկար» ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու մասին դիմումը և 2014թ. հոկտեմբերի 2-ին վճիռ կայացրել ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: 2014թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ «Զոսեկար» ՍՊԸ-ի պարտքը բանկի հանդեպ կազմել է  շուրջ 517 մլն 940 հազ. ԱՄՆ դոլար, իսկ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված է եղել  անշարժ գույքի գրավադրմամբ:

Դատավորը սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն Ս. Կարապետյանի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով` ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքն աճուրդի եղանակով վաճառքի գործընթացը մինչև 2015թ. մարտ երկարաձգելու, այդ կերպ` Ս. Կարապետյանին գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց 2014թ. նոյեմբերին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 10 հազ. ԱՄՆ դոլար կաշառք: Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահանջին ՍՊ ընկերության տնօրենը համաձայնել է:

Վերջինիս հետ կայացած մյուս հանդիպումների ժամանակ դատավոր Խ. Խաչատրյանը ավելացրել է սահմանված կաշառքի չափը և 2014թ. դեկտեմբերի 20-ին պահանջել ու 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ դատարանի իր աշխատասենյակում Ս. Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9 մլն 186 հազ. ՀՀ դրամին համարժեք 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ԱԱԾ  աշխատակիցների կողմից»,- հայտնել էր ՀՔԾ- ն։

Back to top button