
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարությունը օգոստոսի մեկից սկսում է ապրիլյան պատերազմի հետեւանքով հետաձգված ծրագրերից եւս մեկը: Այն վերաբերվում է փախստականներին: Կառավարության որոշման համաձայն՝ այն ընտանիքները, որոնք ունեն փախստականի կարգավիճակ եւ ԼՂՀ –ում բնակություն հաստատելուց ի վեր երբեւէ սեփական բնակարան չեն ունեցել, այժմ էլ բնակվում են վարձով՝ կարող են մինչեւ 50 հազար դրամ աջակցություն ստանալ: Փախստականների հարցերով ԼՂՀ կառավարության աշխատակազմում ստեղծված աշխատանքային խումբն արդեն սկսել է դիմումների ընդունման աշխատանքը:
Ռուզաննա Ավագյանը Փախստականների հասարակական կազմակերպության Ստեփանակերտի ներկայացուցիչն է. այսօր աշխատանքային խմբի կազմում է եւ բախտակիցներից դիմումներ է ընդունում:«Մենք հիմա փորձում ենք պարզել, թե քանի ընտանիք է վարձով ապրում: Օգոստոսի 1-ից առայսօր 25 մարդ է դիմել: Ընդունել ենք 12-ի դիմումը: Մյուսների խնդիրները, որ հիմնականում սոցիալական բնույթի են, գրանցել ենք: Մենք տվյալներ ունենք եւս 54 ընտանիքի մասին, պիտի զանգենք տեղեկացնենք»,- ասում է։
Փախստականների խնդիրներն ուսումնասիրելու համար կառավարության որոշմամբ մեկ աշխատանքային խմբում երկու ենթախմբեր են միավորվել. առաջինը կազմված է Փախստականների հասարակական կազմակերպության անդամներից, երկրորդը գործում է կառավարության աշխատակազմում:
Ըստ կառավարության հաստատած կարգի՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց շահառուին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշվելու է բնակելի տարածության վարձակալության եռակողմ պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 50 000 ՀՀ դրամը: Աջակցությունը տրամադրվելու է ամեն ամիս:
Ռուզաննա Ավագյանի խոսքով՝ առայժմ չեն ընդունվում այն փախստականների հայտերը, ովքեր ամուսնանալով առանձնացել են ծնողներից: Խնդիրն այս փուլում այն մարդկանց աջակցելն է, ովքեր եկել են Արցախ եւ երբեւէ արտոնությունից չեն օգտվել:
Այն փախստական ընտանիքների համար, որոնք արդեն «ճյուղավորվել» են, ԼՂՀ կառավարությունը արտոնյալ պայմաններով հիպոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստեղծել: Պետությունը վճարում է կանխավճարը եւ սուբսիդավորում տոկոսադրույքը:




