

Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանությունից անցել է երկու տարի: Օգոստոսի 3-ին նշվում է այդ ոճրագործության զոհերի հիշատակի օրը։ Եզդի ժողովրդի ցեղասպանության պատճառներին, միջազգային հանրության անտարբերությանն ու ցեղասպանությանը հաջորդող իրադարձություններին են այսօր անդրադարձել Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, իրավաբան Հասան Թամոյանն ու Արարատի մարզի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանը: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ցեղասպանությունը դատապարտելու կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ ընդգծելով, որ գերության մեջ են շարունակում գտնվել հազարավոր կանայք և երեխաներ:
Աշխարհի եզդիների համար այսօր սգո օր է: Լրանում է Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանության 2-րդ տարին: Իսլամիստները խլեցին հազարավոր կյանքեր, հազարավորները գերևարվեցին ու դատապարտվեցին ստրկության, այն էլ 21-րդ դարում: Եզդի ազգաբնակչությունը, իհարկե, երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր այդ սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին, բայց դեռ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը չեն ստացել: Աշխարհի եզդիներն այսօր կազմակերպում են ցույցեր՝ բարձրաձայնելով իրենց հուզող հարցերը և պահանջելով արդար դատաստան՝ նշեց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Եթե 2 տարի առաջ եզդի ժողովրդի անունը ոչ բոլոր ազգերին էր հայտնի, ապա 2014 թվականի օգոստոսի 3-ից հետո ազգային այս փոքրամասնությանը և նրա հետ տեղի ունեցածին ծանոթ են ամբողջ աշխարհում: Իրավաբան Հասան Թամոյանը նկատեց, որ շատ պետություններ ճանաչեցին և դատապարտեցին ցեղասպանությունը, ինչի համար իրենք երախտապարտ են: Մինչ օրս, սակայն, շատ եզդիներ գերության և օտարության մեջ են գտնվում: Նրանց վիճակն օրհասական է:
Դիմելով քաղաքակիրթ մարդկությանը՝ Հասան Թամոյանը խնդրում է տեր կանգնել եզդի ժողովրդին, որը ուծացման եզրին է այսօր: Հավաստիացնելով, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ այնքան կրոնական, որքան քաղաքական հողի վրա՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը նշեց, որ ցեղասպանության արդյունքում ունեցել են ավելի քան 10 հազար զոհ: 5000-ից ավելին էլ գերության մեջ են: Լինելով ազգային փոքրամասնություն, մենք ամենահավատացյալ ազգն ենք՝ իր հերթին անդրադառնալով Իրաքի հյուսիսում տեղի ունեցած արյունահեղությանն ու դրա հետևանքներին՝ նշեց Արարատի մարզի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանը: Նաև հայտնեց, որ եթե ժամանակին դատապարտվեր 20-րդ դարում տեղի ունեցած հայերի, եզդիների և ասորիների ցեղասպանությունը, ապա 2014 թվականի օգոստոսի 3-ին այդ նույն ցեղասպանությունը չէր կրկնվի և կկանխեին նաև հետագա ցեղասպանությունները:




