Հասարակություն

ՊՊԾ գունդ հաց տանող քաղաքացուն և «Սասնա ծռերին» նույն մեղադրանքն է առաջադրվել

Artur sargsyanԱրթուր Սարգսյանին` պաշարված ՊՊԾ գունդ հաց տանող քաղաքացուն, նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը մտած «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Արթուր Սարգսյանը նույնպես կալանավորվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպաններից մեկը` Արայիկ Պապիկյանը. «Բոլոր տղաների վերաբերյալ անբովանդակ և առարկայազուրկ որոշումներ են կայացվել: Դատարան նման  միջնորդություն ներկայացանելն անարգանք է դատարանի նկատմամբ»:

Արայիկ Պապիկյանը նշեց մեկ  կարևոր հանգամանքի մասին, ինչը նրա խոսքով` կամ թյուրիմացություն է, կամ «քոփի փեստ». «Տարիներ շարունակ քննչական մարմինները ներկայացնում են նույն միջնորդությունները: Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պատանդ պահելու համար, այն դեպքում, երբ նա ՊՊԾ տարածք հաց է տարել հուլիսի 26-ին»:

Բացի այդ, փաստաբանը հայտնեց, որ Արթուր Սարգսյանը ակնհայտ առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ անգամ զենք պահելու կամ հինգ կիլոգրամից ավել ծանրություն վերցնելու:

Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման  փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:

Հիշեցնենք, որ Ոստիկանության պարեկապահակային գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 31-ին՝ ժամը 20։00-21։00-ի սահմաններում, վայր է դրել զենքը և հանձնվել իրավապահներին։

 

Back to top button