Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Ողջունելով արտգործնախարար Նալբանդյանին՝ վարչապետ Կվիրիկաշվիլին ասաց, որ գոհունակությամբ կարելի է նշել, որ, հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, երկու հարևան երկրների միջև հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, որոնց նպաստում են բարձրաստիճան փոխայցելությունները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացումը և ընդլայնումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական համագործակցության օրակարգի բազմաթիվ հարցեր՝ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, առևտրատնտեսական փոխգործակցության, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային փոխանակումների խթանման, տուրիզմի զարգացման վերաբերյալ: Այս առումով կարևորվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։
Գիորգի Կվիրիկաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և վիրահայությանը հուզող խնդիրների շուրջ։
Վրաստանի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման հարցերին։
Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որը հնարավորություն կստեղծի առաջ մղելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Զանելիձեի հետ:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Միխեիլ Զանելիձեն նշեց, որ հարևան երկրի արտգործնախարարի այցը Վրաստան նշանակալի իրադարձություն է, ինչը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ցուցաբերված ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ընդգծվեց առկա ութսունից ավելի համաձայնագրեր ընդգրկող հարուստ իրավապայմանագրային դաշտի կարևորությունը, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների գերատեսչությունների միջև շարունակվում են ակտիվ փոխայցելություններն ու արդյունավետ համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում համագործակցության, տրանսպորտային փոխադրումների դյուրացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային ոլորտում համագործակցության, ապակենտրոնացված մակարդակով շփումներին առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մշակութային ժառանգության պահպանման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը և Միխեիլ Զանելիձեն անդրադարձ կատարեցին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը:
Պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Թբիլիսիի հերոսների հրապարակում։