

Իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկներին զինված խմբի կողմից պատանդ վերցնելը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Երեկ արարքը դատապարտեց բժշկական հանրությունը, ինչպես նաև գործողություններին անդրադարձավ միջազգային մամուլը: Որքանո՞վ են խախտվել նրանց իրավունքները, և արդյոք նրանց կարելի է համարել պատանդ, դեռ կպարզի քննությունը: Սակայն այն, որ բժիշկներին ներսում վատ չեն վերաբերվի՝ համոզված է իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Իսկ փաստաբան Արմինե Խանյանն էլ ավելացրել է, որ եթե զինված խմբի գործողությունները հաստատվեն որպես հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, ապա դրա անդամների համար խիստ պատիժ է սահմանված:
«Ես վստահ եմ, որ նրանք բժիշկների հանդեպ վատ չեն վերաբերվի: Չեմ խրախուսում որպես իրավապաշտպան, չեմ ընդունում այդ քայլը, բայց ես չէ, որ տղաներին պետք է դատեմ»: Պատանդ համարվող բժիշկները, ըստ իրավապաշտպանի, նաև պատնեշ են ու վահան իրենց հաց հասցնելու համար:
Փաստաբան Արմինե Խանյանն էլ իր հերթին ավելացրեց, որ բժշկին պատանդ վերցնելը խիստ դատապարտելի արարք է և համարվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն: Եթե զինված խմբի գործողություններում հաստատվի այս հանցագործությունը՝ բավականին լուրջ պատիժ է սպառնում՝ ասում է փաստաբանը: «Անգամ պատերազմական իրավիճակներում բժշկական օգնության սպասարկում իրականացնող անձանց պատանդ վերցնելը, նրանց կյանքը վտանգող որևէ գործողության կատարումը, բնականաբար, արգելվում է»:
Այս օրերին ոտնահարվեցին ոչ միայն բժիշկների իրավունքները, այլև քաղաքացիների և իրավապահների: Թեև ՀՀ նախագահը ոստիկանությանը հորդորեց պահպանել զսպվածություն և քաղաքացիների հանդեպ լինել հնարավորինս բարյացակամ, սակայն, ըստ իրավապաշտպան Հայկազ Մակարյանի, իրավապահների կողմից արձանագրվել են իրավախախտումների բազում դեպքեր:
Համացանցում երեկ շրջանառվեց հրեշտակների գումարտակի ծառայակցի կողմից տարեց կնոջ ոլորած ձեռքերով լուսանկարը, ինչն էլ հասարակության շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց: Իրավապաշտպանի գնահատմամբ՝ արարքը կարգապահական, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի խախտում է:
Խախտվել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ նշված է, որ ոչ մեկ խաղաղ երթի, ցույցի, ակցիաների ժամանակ, եթե այն վտանգ չի ներկայացնում հասարակության և հանրության լայն շերտերի համար, իրավունք չունի ենթարկվել բռնության: Իսկ այս պարագայում պաշտոնից ազատումը չարյաց փոքրագույնն է՝ հավելեց փաստաբանն ու շեշտեց՝ իշխանության ներկայացուցչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը քրեական պատասխանատվության ենթակա է:
Այս օրերին նաև քաղաքացիների կողմից իրավապահներն են ենթարկվել բռնությունների, որը նույնպես քրեորեն հետապնդելի արարք է, իր հերթին բարձրաձայնեց իրավապաշտպանը: «Ոչ ոք այդ քայլերը չի արդարացնում: Եղան 50-ից ավել վիրավորներ, որոնց մեծ մասը ոստիկաններ էին: Այո՛, ոստիկանի հանդեպ այսօր ատելության նոտան շատ մեծ է»:
Իսկ այս ամենում մեղավոր է և՛ քաղաքացին, և՛ իրավապահը, և՛ երկրի ներսում ստեղծված իրավիճակը՝ ասում է Հայկազ Մակարյանը:




