
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ` հայտնում են Քննչական կոմիտեից։
Քրեական գործով բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ Լեւոն Բարսեղյանը բերման է ենթարկվել եւ նրա դեմ հարուցվել է քրեական հետապնդում առանց օրինական հիմքերի, ինչպես նաեւ այն մասին, որ խոչընդոտվում է նրա տեսակցությունը փաստաբանի հետ:
Հաղորդման հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լեւոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի տեսակցությունը:
Հաղորդման եւ այցի արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել բողոքը սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին եւ արդեն գրավոր ընթացակարգով քրեական հետապնդման մարմնից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:




