

Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման շուրջ մեկնաբանությունները չեն դադարում։ Ոմանք երկրի ներսում առաջացած խնդիրների լուծման համար ճիշտ ճանապարհ են համարում հեղափոխությունը, ոմանք՝ ոչ. կողմ են քաղաքակիրթ հասարակության ձևավորմանը: Այսօր հոգեթերապևտ Արմեն Աբգարյանը ներկայացրել է այն պատճառները, որի հետևանքով էլ ժողովուրդն ապրում է վատ պայմաններում: Ըստ նրա՝ այստեղ ոչ միայն իշխանությունն ու կառավարման մոդելն է պատճառը, այլ նաև ժողովուրդը: Անհրաժեշտ է փոխել մտածելակերպը՝ ասել է Արմեն Աբգարյանը: Իսկ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն էլ իր հերթին նշել է, որ ժողովուրդը հեռացել է ավետարանական պատգամից և միայն մտածում է բարեկեցիկ կյանքի մասին, մինչդեռ Աստված մարդուն չի խոստացել, որ աշխարհում պետք է երջանիկ ապրի։ Բանախոսները բացահայտել են լավ ապրելու բանաձևը:
«Այսօրվա մեր արժեհամակարգով, մտածելակերպով մենք պատրաստ ենք գնալ դրան: Եղած 30 հազար քմ, ով ինչ հասցնում է վաճառում է, ճար ունենան թուրքերին ու պարսիկներին կվաճառեն: Այսօր Սևանա լճի ավազանը տվել են վարձակալության, գնում ես հանգստանալու, ասում են էս սարն իմն է, էս ծառն իմն է: Էս վիճա՞կ է: Էս վիճակով մենք ի՞նչ ենք ուզում»:
Լավ ապրելու իր բանաձևն էլ առաջարկում է հոգեթերապևտ Արմեն Աբգարյանը: Վերջինիս կարծիքով՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Վատ ապրելու մեղավորը ոչ միայն իշխանությունն է ու կառավարման մոդելը, այլև՝ ժողովուրդը: Ըստ նրա՝ լավ ապրելու համար պետք է ապրել խաղաղ երկրում, հարևան պետությունների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ, ունենալ որակյալ արտադրանք: Վերջինը մեզ մոտ չի ստացվում մտածելակերպի պատճառով՝ ասում է հոգեբանը:
«Մի արտադրություն ենք դնում, նախևառաջ մտածում ենք խաբելու մասին: Ինչու մենք մեր վատ որակների մասին չենք մտածում: Ինչպես նաև օրենք չսիրելը, օրինապաշտ չլինելը»:
Հոգեբանն առաջարկում է չբարդացնել իրավիճակը և չգնալ կտրուկ քայլերի, քանի որ ոչ մի հեղափոխական գործողություն աշխարհում լավ վերջաբան չի ունեցել: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ, որը կպարտադրի իշխանությանը հաշվի նստել իրենց հետ:
«Ինչ տարբերություն՝ մեկին մյուսով փոխես՝ նույնն է լինելու, ոչ մի բան չի փոխվելու, միայն ավելի վատ: Իշխանության կգան ավելի անգրագետներ, չիմացող մարդիկ: Եթե չենք կարողացել այս իշխանությանը ստիպենք մեր հետ հաշվի նստել, ապա նրանց էլ չենք կարող: Խնդիրը մեր մեջ է»:
Արմեն Աբգարյանը կոչ է անում զերծ մնալ ծայրահեղ հուզական գործողություններից, լինել խոհեմ: Պատմությունից է գալիս, որ մեր ոչ ճիշտ գործողությունները միշտ հանգեցրել են վատ իրավիճակների: Հոգեբանը խորհուրդ է տալիս չհավատալ քաղաքական որեւէ գործչի հորդորներին, քանի որ յուրաքանչյուրը ձգտում է իշխանության։ Նա համոզված է, որ իրատեսական պահանջների ներկայացման դեպքում իշխանությունները հաշվի կնստեն ժողովրդի հետ:




