Հասարակություն

Ոստիկանության գործողությունները ՄԻՊ- ի եւ ՀՔԾ- ի ուշադրության կենտրոնում

aidaavetisyan

«Սասնա ծռեր»  զինված խմբի կողմից սույն թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի վրա իրականացրած հարձակումից հետո մինչև հուլիսի  22-ն ընկած ժամանակահատվածը  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է բանավոր և գրավոր 114 հաղորդում: Բանավոր հաղորդումները հիմնականում եղել են  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի  թեժ գծին կատարված հեռախոսազանգերի միջոցով ներկայացված, ինչպես նաև  ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները:

Ընդհանուր հաղորդումները  հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից  քաղաքացիների  բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն և չվերադարձնելուն, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն և բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն՝ ասված է ՄԻՊ աշխատակազմի այսօր հրապարակած հաղորդագրության մեջ։

Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների հիման  վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու  օմբուդսմենը մոտ  40 այցելություններ են կատարել ոստիկանության տարբեր բաժիններ , այդ թվում նաև բուժհաստատություններ: «Կազմվել են համապատասխան ամփոփագրեր, արձանագրություններ: Արձանագրություններում  հիմնականում տեղ է գտել տեղեկատվություն՝ կատարված իրավախախտումների և ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ  Հրաչյա Պալյանը։

Այս օրերին լրագրողների օրինական գործունեությունը  խոչընդոտելու հետ  կապված տեղեկատվությունը հրապարակվել է  հիմնականում զանգվածային լրատվության միջոցներով: Հուլիսի 21-ի գիշերը Խորենացի փողոցում  ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումից հետո, անհայտ անձանց կողմից բռնության է ենթարկվել  Իրավաբան.net կայքի լրագրողը:  Այս կապակցությամբ էլ  ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ սկսել է  հարցի ուսումնասիրումը: «Համապատասխան իրավասու պետական մարմիններին դիմել է քրեական գործ հարուցելու  կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով վարույթ նախաձեռնելու  հարցը քննարկելու պահանջով»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են բողոքների քննարկման ընթացակարգեր: Այս պահին  ներկայացված որոշ հաղորդումներով կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ: Հատուկ քննչական ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն՝  նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ, որ ՀՀ ոստիկանության ծառայողները իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, Երևան քաղաքի տարբեր վայրերից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքում գտնվող ստորաբաժանումներ են տարել անձանց, նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են նաև լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը:

«Ոստիկանության  աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանի լիազորությունների իրականացմանը  խոչընդոտելու վերաբերյալ ձեռք են բերվել տվյալներ: Կատարվում է նախաքննություն»,- «Ռադիոլուրին» ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը։

Back to top button