

Խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններին ուշիուշով հետեւում են նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ոմանք գերադասում են հետեւել հեռվից, ոմանք՝ դեպքերի անմիջական մասնակիցներն են: Խնդրի լուծման «դեղատոմսեր» չեն առաջարկում, պարզապես գիտակցում են՝ «եթե փոխզիջման չգնան՝ արյունահեղություն անպայման կլինի»: Ազգային փոքրամասնություններն ակնկալում են, որ հանգուցալուծումը բացառապես անարյուն է լինելու:
Հայաստանի ազգային փոքրամասնությունները չեն առանձնացնում իրենց ներքաղաքական գործընթացներից եւ ակտիվ հետեւում են ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ծավալվող իրադարձություններին՝ լինի հեռակա, ինչպես դա անում է Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, կամ էլ հենց Խորենացի փողոցում, ինչպես դա անում է «Պոնտի» հունական համայնքի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին: Իշխանության քայլերի մեջ, օրինակ, խոհեմություն տեսնում է Ազիզ Թամոյանը:
Ազիզ Թամոյանի եւ Նիկոլայ Նիկոլայիդիի կարծիքները համընկնում են միայն մեկ կետում՝ չի կարելի եղբայրասպանություն թույլ տալ եւ պետք է ամեն ինչ անել արյունահեղությունից խուսափելու համար: Նիկոլայիդիի համոզմամբ՝ այս հարցում որոշիչ դերակատարություն կարող է ունենալ նաեւ ժողովուրդը:
Ազգային փոքրամասնությունները, ի դեպ, հստակ որոշված կեցվածք չունեն: Իրենց մոտ նույնպես խնդրի առնչությամբ կան տարբեր մոտեցումներ: Իսկ թե ինչու քաղաքական կուսակցություններն սկսեցին հայտարարություններ տարածել միայն նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո՝ «Պոնտի» հունական համայնքի երիտասարդական թեւի ներկայացուցիչը կարծում է, որ սպասում էին՝ տեսնեին, հասկանային, թե ինչպես պետք է հանդես գան:




