Հասարակություն

Սարի թաղի դեպքով ձերբակալվածին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։

2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Երևանի բնակիչ Հ.Թորոսյանը մի խումբ անձանց հետ միասին բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների` հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին։ Կիրառված բռնությունների հետևանքով  մարմնական վնասվածքներ են պատճառվել իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության 6 աշխատակցի:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Թորոսյանին հուլիսի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ներբեռնվել եւ զննվել են միջապեի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button