Հասարակություն

Փաստաբանները քննադատում են ոստիկանությանն իրենց եւ վստահորդների իրավունքների ապօրինի սահմանափակումների համար

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր հայտարարություն է ընդունել ոստիկանության կողմից փատաբանների պարտականությունները կատարելու խոչընդոտելու վերաբերյալ։

«Վերջին օրերին ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում Երևան քաղաքի  Մ. Խորենացի փողոցում տեղի ունեցող հավաքների մասնակիցներին: Բերման ենթարկված անձինք  ՀՀ Սահմանադրության 27-րդ  հոդվածի համաձայն անձնական ազատության իրավունք ունեն, իսկ 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն,  ինչն ապահովելու նպատակով նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն երաշխավորվում է անկախության,  ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը… Թեև  հանրահավաքի բերման ենթարկված մասնակիցները ունեն անձնական ազատության և  որևէ դեպքում սահմանափակման ոչ ենթակա իրավաբանական օգնություն ստանալու իրավունք,  իսկ ոստիկանությունն էլ պարտավոր է հարգել այդ իրավունքը`  որպես անմիջականորեն գործող իրավունք, սակայն բազմաթիվ են դեպքերը,  երբ բերման ենթարկվածները ոստիկանությունում անազատության մեջ են պահվել բերման համար սահմանված երեք ժամից շատ ավելի երկար ժամանակ,  իսկ նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ժամանած փաստաբաններին ոստիկանության ծառայողները ընդհուպ մի քանի ժամ թույլ չեն տվել հանդիպել իրենց վստահորդներին և  իրավաբանական օգնություն ցույց տալ նրանց:

Վերոգրյալից ելնելով.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է  փաստաբանների և նրանց վստահորդների իրավունքների ապօրինի սահմանափակումները և ՀՀ ոստիկանությունից ու պետական այլմարմիններից պահանջում է հետայսու չխոչընդոտել փաստաբանների լիազորությունների իրականացմանը, իսկ այդպիսիք թույլ տված անձանց ենթարկել պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաբանները նաեւ հիշեցնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի  332.3 հոդվածի 1-ին մասի համաձայն`  պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է:

Back to top button