ՀասարակությունՄշակույթ

Երերույքի տաճարը՝ 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում

aidaavetisyan

Երերույք  հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղն այս տարի  Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը: «Եվրոպա Նոստրայի» մրցանակաբաշխությանը մինչ օրս Հայաստանից ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ. Պողոս- Պետրոս եկեղեցու հայտը. Լոռու մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքի հայտը, Երերույքի տաճարի և Անիպեմզա գյուղի հայտը: Հիշյալ ցանկի մեջ 2013 թ. ընդ­գրկվել էր նաև Թուր­քիայի Մարդինի, Սբ.  Գևորգ հայկական եկեղեցին, որը մրցանա­կաբաշ­խության էր ներկայացվել Հայկական կաթոլիկ եկեղե­ցական հա­մայնքի հիմնադրամի աջակցությամբ: 

 

Այսօր ազդարարվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «Յոթ առավել վտանգված հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույք-Անիպեզմա» ծրագրի մեկնարկը: 7 առավել վտանգվածների ցանկում այս հուշարձանը ընդգրկելը պայմանավորված էր դրա յուրահատկությամբ՝ ասում է  Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի ղեկավար Գայանե Կազնատին և ավելացնում, որ  1926 թվականին կառուցված գյուղում  լավ  կառուցված շենքեր կան, որոնք մինչ օրս էլ լավ պահպանված են, սակայն բնակչությունն  աղքատ է; «Այս ծրագիրը մենք ուզում էինք օգտագործել, որպեսզի զարգանա գյուղը: Գյուղը պետք է լինի հուշարձանի հարստությունը, իսկ հուշարձանը՝ գյուղի հարստությունը»,- ասում է Կազնատին։

Ծրագիրը միտված է ոչ միայն  հուշարձանի վերականգնմանը, այլեւ  զբոսաշրջության զարգացմանն ու  համայնքային կյանքն աշխուժացնելուն՝ հավելեց Կազնատին:  «Եվրոպա Նոստրայի»  7 առավել վտանգված հուշարձաններ ծրագրի հիմնադիր Գայ Կլաուսն էլ իր հերթին նշեց, որ Երերույք հնագիտական հուշարձանն ու Անիպեմզա գյուղը 7 առավել վտանգված հուշարձանների ծրագրում ընդգրկելը նրա վկայությունն է, որ Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը իրապես դիտարկվում է որպես եվրոպական ժառանգության անբաժանելի մասնիկ: Իսկ այս մրցանակը տրվում է ոչ թե ձեռքբերումների համար, այլ հուշակոթողը փրկելուն ուղղված հետագա  աշխատանքների ուժեղացմանը: «Հուշակոթողը վտանգված է, որովհետև բարձիթողի վիճակում է, իսկ այսօրինակ վիճակում է հայտնվում միայն մոռացված ու անտեսված լինելու պատճառով»,- շեշտում է Գայ Կլաուսը։

«Եվրոպա Նոստրա» կազմակերպության խմբի անդամ Պաոլո Վիտտին էլ հավելեց, որ  7 ամենավտանգված   հուշարձանների ցանկում ընդգրկված հուշարձանն ու գյուղը խոսում են նրա մասին, որ հարցին պետք է մոտենալ ավելի լայն  տեսանկյունով։ Դրա համար  կազմակերպության անդամներն առաջին հերթին մտադիր են հուշարձանը տեղում տեսնել՝ իրենց քայլերի հաջորդականությունը որոշելու համար։  «Մեր առաքելության առաջին քայլը տեղայց կազմակերպելն է, որպեսզի հասկանանք ինչն ինչոց է, որտեղից պետք է սկսենք  և որ հնարավոր արդյունքներին ենք  մենք  հետամուտ լինելու»,- նշում է։

6-րդ դարում  կառուցված Երերույք  բազիլիկ տաճարը Հայաստանի հնագույն հուշարձաններից է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային  ժառանգության նախնական ցանկում:

Back to top button