Լարսով երթեւեկությունը կրկին սահմանափակվում է, ո՞րն է այլընտրանքը
Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը տեղեկացնում է, որ այսօր ժամը 05.30-ից մինչև 20.00- ը Լարսի ավտոճանապարհը բաց կլինի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Լարսի ճանապարհով անցնել պատրաստվող Տաթևիկ Մկրտչյանը ընտանիքով վաղը պատրաստվում է Լարսով անցնել՝ Մոսկվա հասնելու համար, սակայն տեղեկությունը կրկին խառնեց ծրագրերը, ստիպված են հետևել ցուցումներին ու փոխել մեկնման ժամանակը: «Ռադիոլուրի» հետ զրույցում նա պատմեց, թե որքան երկար էին նախորդ անգամ ստիպված եղել մնալ ճանապարհին՝ Լարսի փակ լինելու պատճառով։
Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ժամային գրաֆիկը դեռ որոշ ժամանակ կպահպանվի մինչև ավարտվեն վերականգնողական աշխատանքները: «Վերականգնողական աշխատանքներ են գնում։ Թե երբ կավարտվեն՝ չգիտենք, վտանգ կա նաև եղանակային պայմանների, այնպես որ դեռ կշարունակվի: Մենք այլընտրանքային ճանապարհների հարցով բանակցություններ ենք վարում: Հայկական կողմն է շահագրգռված և հայկական կողմն է բանակցում»,- ասում է։
Մինչ ժամկետները կհստակեցվեն՝ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը տնտեսական հաշվարկներ է անում: Այն ռազմավարական նշանակության ճանապարհ է և պետք է անհապաղ լուծել այլընտրանքային ճանապարհի հարցը՝ ասում է։
Հայաստանը Վրաստանով փոխադրումների երկու ճանապարհ պետք է ունենա, ընդ որում՝ իրար մոտ գներով, որպեսզի երբևէ չկանգնենք Լարսի փակման վտանգի առջև: Պետք է փորձել գտնել այլընտրանքային ուղի՝ ասաց: Չպետք է կախվածության մեջ լինել մեկ ուղղությունից: Փակման դեպքում Հայաստանից 20 տոկոս ապրանքների արտահանման վտանգի առջև ենք կանգնում՝ նշեց տնտեսագետը՝ բացատրելով նաև, որ Հայաստանն այնքան հարուստ չէ, որ կարողանա լուծել այլընտրանքային ճանապարհի կառուցման խնդիրը, Վրաստանը շահագրգռված չէ, «Իրանը գուցե կարողանա ներգրավվել Հյուսիս հարավի մասով, որ անխափան գործող ճանապարհ լինի»: