Հասարակություն

Հուշ ցերեկույթ՝ նվիրված քառօրյա պատերազմի զոհ՝ Արամայիս Միքայելյանին

satikisahakyan
Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արամայիս Միքայելյանը հուլիսի 21-ին կդառնար 20 տարեկան:  Զինվորի ծննդյան օրը Ոսկեհատի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, իսկ ռազմագիտության դասարանը կոչվեց նրա անվամբ: Արամայիս Միքայելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով:

«Եթե ես վերադառնամ բանակից, անպայման ռազմական իրավաբան եմ դառնալու, ընկեր Հակոբյան»,- սա ապրիլյան քառօրյա պատերազմի զոհ, հայրենիքի նվիրյալ Արամայիս Միքայելյանի երազանքն էր: Քչախոս ու համեստ երիտասարդը մասնագիտական կողմնորոշման մասին խոսել էր  ռազմագիտության ուսուցչի հետ:  Հայրենասիրության վեհ գաղափարներով տոգորված երիտասարդը ցանկանում էր սովորել ռազմական ինստիտուտում, սակայն ընդունվեց այլ բարձրագույն ուսումնական  հաստատության իրավագիտության բաժինը: Երազանքները մեծ էին,  անելիքները շատ:

Ազատ ժամանակ Արամայիսը սիրում էր զբաղվել փայտանյութի փորագրությամբ: Ռազմագիտության ուսուցիչ Ռաֆիկ  Հակոբյանը նշեց, որ նա հիմնականում  նկարում ու փորագրում էր մեր երկրի խորհրդանիշերը: Ասել էր, որ բանակից վերադառնա ավելի մեծ աշխատանքներ կնվիրի դպրոցին:

Արամայիսի ձեռքի աշխատանքներն այսօր դրված են Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանում, այնտեղ, որտեղ  ծնունդ էին առնում ու սավառնում տղայի երազանքներն  ու իղձերը, որոնց լուծման համար կար մի ամբողջ կյանք: Սակայն նա կյանքը տվեց հանուն կյանքի, հանուն հայրենիքի: Ծնողները սգում են, բայցև՝ հպարտանում: «Տղաս խոստացավ իր երդումը կատարեց, նա տվեց իր ամենաթանկ բանը՝ կյանքը ու անմահացրեց իր անունը, իմ հերոս տղան,  նա հերոսացավ»,-ասաց մայրը՝ Լիլիթը:

Արամայիս Միքայելյանի ծննդյան 20-րդ տարեդարձի օրը ռազմագիտության դասարանը կոչվեց նրա անվամբ: Դասարանի մի անկյունում Արամայիսի լուսանկարն է,  պարգևներն ու համազգեստը, այնտեղ ներկա է  նրա շունչը:

Նա Ոսկեհատի միջնակարգ դպրոցից արցախյան պատերազմի 5-րդ զոհն է: Արամայիսի համեստության մասին բոլորն են խոսում, աշակերտ ու մարդ, ով իր արաքներով միշտ օրինակելի է եղել մյուսների համար: Դասղեկ Լուսինե Հարությունյանն ասաց, որ Արամայիսը կատարյալ մարդ է, համեստ, քչախոս, հավասարակշռված, միշտ գիտեր՝  որտեղ,  ինչ պետք է խոսի:

Լուսինե Հարությունյանը ժպիտով հիշեց դասղեկական դասարանի չարաճճիություններն ու աշակերտներին ուղղված կշտամբանքները, որոնք շրջանցում էին Արամայիսին: Պատմում է. «Մի օր զայրացել էի բոլոր տղաների վրա, շրջվեցի ու նրան ասացի՝ դե մի բան էլ դու արա, որ քեզ վրա էլ զայրանամ, ասեց՝ դե, ինչ ասեմ, թող օրինակ վերցնեն»,-հուզմունքով պատմում էր  դասղեկը:

Արամայիսի վարքն օրինակելի էր նաև ծառայակից ընկերների համար: Մերօրյա հերոսի  ծննդյան տարեդարձին ներկա էին հարազատները, ընկերները, բարեկամները: Յուրաքանչյուրի համար դժվար է անցյալ ժամանակով խոսել Արամայիսի մասին: Ապրիլի 4-ին նույն արկի պայթյունից  զոհվել է  նաև Արտիմետ գյուղի բնակիչ Արամ Աբրահամյանը: Ծառայակից ընկեր  Գևորգ Խուդոյանի հոգում մխում է ընկերների  կորուստը, լուռ է, դժվարությամբ է խոսում չարաբաստիկ օրերի մասին, ընկերները զոհվել էին, ինք՝  բեկորից վիրավորվել,  ապրիլի 5-ին տեղափոխվել   ռազմական հոսպիտալ. «Թշնամին կրակում էր ծանր հրետանուց, մենք դիրքերում հերթափոխը չհասցրեցինք հանձնել, ծանր իրավիճակում էինք, սպասում էինք հրամանի, որ հարձակվենք, բայց արկը պայթեց մեր կողքին, Արամն ու Արամայիսը զոհվեցին, ես վիրավորվեցի»:

Վեց ամսվա ծառայակից ընկերներ էին, Գևորգը նշեց, որ իրենց վաշտի բոլոր տղաներն էլ իրար ընկեր էին:

Արամայիս Միքայելյանի ծննդյան 20-րդ տարեդարձին հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցում: Զինվորի լուսանկարի առջև դնելով հերթական վառվող մոմը դպրոցի տնօրեն  Սյուզաննա  Շմավոնյանը նշեց, որ Արամայիսը իր առաջին շրջանավարտն է եղել.«անսխալական մարդիկ չկան, բայց նա այդպիսին էր»:

Քառօրյա պատերազմի զոհ Արամայիս Միքայելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով:  Հայրենիքի պաշտպանի անունն անմահ է, դեռ նոր Արամայիսներ ու Արամներ պետք է ծնվեն: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամնայանը շնորհավորելով զինվորի ծնունդը, խոնարհվեց նրա հիշատակի առջև՝ տղաների օրինակը պետք է ուսուցման բաց դասագիրք դառնա բոլորի համար: Ես շնորհակալություն եմ հայտնում Արամայիսի ու բոլոր զոհվածների ծնողներին, որ քաջասիրտ ու հայրենիքի նվիրյալ զավակներ են ծնել ու դաստիրակել:

Փառք քեզ զինվոր, փառք քո հիշատակին, անունդ ոսկե տառերով գրվեց մեր պատմության մեջ:

 

Back to top button