Քաղաքական

Մտավորականներն իրավիճակից անարյուն դուրս գալու ելքեր են առաջարկում

lenabadeyan

Ով եւ ինչ պետք է անի Երեւանում վերջին 5 օրերին ստեղծված իրավիճակում: Շատերն այսօր փորձում են գտնել հարցի պատասխանը: Ոմանք համարում են, որ պարզապես մեկ նամակը բավարար է, մի մասը պնդում է, որ կոչերը պետք է լինեն երկկողմանի, ոչ թե՝ միայն մեկ կողմին ուղղված: Մեկ այլ հատվածն էլ պնդում է՝ պետք է գործնական քայլերի դիմել:   

 

Նամակների, դիմումների եւ ուղերձների ժամանակը վաղուց անցել է: Սովետական մեթոդներից պետք է հետ կանգնել եւ լարված իրավիճակում օգտակար լինելու ու խնդիրը հարթելու համար անհրաժեշտ է լինել պարզապես ժողովրդի կողքին: Այս սկզբունքից ելնելով՝ գուսան Հայկազունն ամեն օր գնում է Խորենացու փողոց, նույնիսկ պատրաստ է մասնակցել բանակցություններին, իսկ ավելի հավանական համարում է մեկ այլ առաջարկ: «Ես կոչ եմ անում իրեն բոլորին, ովքեր գտնում են, որ ժողովրդի մոտ մի փոքր հարգանք ու սեր են վայելում՝ թող գան պատնեշ կազմենք: Ով եղել է այդ թեժ ժամանակ, կպատկերացնի՝ ինչ էր կատարվում: Քարեր են գնում դեպի ոստիկանություն, ոստիկանությունը բաներ է պայթեցնում: Ահավոր մի վիճակ էր, բա մենք պետք է այդ ամեն ինչի դեմն առնենք: Պատգամավորները խորհրդարանում կռիվ են անում միկրոֆոնների համար, թող գան այնտեղ երեւան»,- ասում է:

Բռնության որեւէ տարբերակ անընդունելի է  երգիչ, ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանի՝ «Մրոյի» համար: Եթե այսպես շարունակվի՝ կարծում է խնդիրները չեն լուծվի: Չի լուծվի նաեւ ոստիկանության կողմից, քանի որ համոզված է՝ այդ կառույցը չէ, որ պատասխանատու է իրավիճակի շտկման համար:

Լուծում տալու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է հասկանալ պատճառները: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ դրանք քաղաքական հարթության մեջ են: «Ամենամեծ խնդիրը՝ քաղաքական դաշտի փակ լինելն է: Երբ քաղաքական դաշտը փակվում է, մարդիկ սկսում են այլ ձեւերով հարցերը լուծել: Իսկ սերմերը բռնության մեր պետության, մեր անկախ ՀՀ մեջ, ցավոք սրտի, գցել են այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են բռնության դեմ: Առաջին սերմ գցողը Վազգեն Մանուկյանն է ու «Դրո» շարժումը: Նրանք էին առաջինը, որ պետականության, պետական ինստիտուտի դեմ դուրս եկան: Եվ այդ ավանդույթը, այդ սերմերը այսօր ծիլ են տալիս։ Բայց պայմանները չլինի՝ այդ սերմերը չեն աճի»:

Որպես պատճառ երբեմն դիտարկվում է նաեւ Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ հատկապես վերջին շրջանում տարածքների զիջման մասին խոսակցությունների ֆոնին: Այս երկու խնդրի մեջ անմիջական կապ չի տեսնում արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, սակայն, «այդ կապը կարող է սկսվել»՝ ասում է նա: Դեսպանը հիշում է, որ Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբում հայերը չունեին «ագրեսորի» կեցվածք, բայց համոզված է, որ այդ կեցվածքի վրա դեռ շարունակելու են աշխատել:

«Կան երկրներ, կան ուժեր, կան կենտրոններ, որոնք անպայման սա մանիպուլացնելու են: Հենց նույն թուրքերը կհիշեն հիմա ԱՍԱԼԼԱ-ն, կհիշեն 99 թիվը, կհիշեն մարտի 1 եւ այսօրվա վերջին դեպքերը: Սա բացարձակապես չի բխում մեր ազգային շահերից եւ պետական անվտանգությունից: Եվ այսօրվա ղարաբաղյան իրադրությունների ֆոնին նման երեւույթը մեզ բացարձակապես պետք չէր: Միայն եւ միայն պետք է հուսալ, որ բանականությունը կհաղթի»։

Իրավիճակից անարյուն դուրս գալու առաջարկներն այսօր անում են շատերը: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ լավագույն առաջարկն առայժմ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանինն է: Անվանումը՝ «Հայկական նյուրնբերգ»: Պարզ ասած՝ քանի դեռ չի հաստատվել վստահելի արդարություն, Հայաստանը մշտապես ենթարկվելու է նման ցնցումների:

Կարդացեք նաև

Back to top button