ԿարևորՔաղաքական

ԵՄ պատվիրակությունը հայաստանյան իրադարձությունների մասին հայտարարություն է ընդունել

Եվրոպական միության պատվիրակությունը՝ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ  հանդես է եկել հայտարարությամբ.

«Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ եւ լիարժեք ապաքինում:

Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝

իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների  առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Ի գիտություն ընդունելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի և իրավապաշտպանների եւ բուժօգնության մերժման առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Back to top button