Հասարակություն

Գնդապետ Արթուր Վանոյանի վերջին հրաժեշտը

arminegevorgyan
ՊՊԾ գնդում զինված խմբի գործողություններից ծառայության ժամանակ զոհված գնդապետ  Արթուր Վանոյանին ընկերները բնորոշում են այսպես՝ բացասական ոչ մի բան չուներ իր մեջ:  Շատ տպավորիչ էր նրա վստահելի գործընկեր լինելը, եթե ինչ-որ բան հանձնարարեցի՝ր, ուրեմն պետք է կատարվեր՝ «Ռադիոլուրին»  պատմել է Արթուր Վանոյանի մարտական ընկերը՝ «Սուրմալու» ջոկատի հրամանատար, հերոս-ազատամարտիկ Արթուր Խաչատրյանը: Վանոյանը նույնպես արցախյան ազատամարտի մասնակից է եղել:

ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանի  ընկերներն ու ծառայակիցները հրաժարվում են անցյալով խոսել նրա մասին:  Պետությունն ու մենք արժանավոր քաղաքացու և լավ ընկերոջ  կորցրեցինք՝ ասում էին գնդապետի ընկերները:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ «Սասնա ծռեր» զինված խումբը մուտք էր գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, որի արդյունքում զոհվել էր գնդապետ Վանոյանը:

Մասնագիտությամբ ատաղծագործ  Շիրազ Քամալյանը  գնդապետ Վանոյանի մանկություն ընկեր է: «Ռադիոլուրին» պատմում է՝ պարբերաբար հանդիպում էին, զրուցում, իսկ զրույցի թեմաները շատ բազմազան էին:

Գնդապետ Վանոյանը ամուսնացած էր, ուներ երեք երեխա:  Որդու հետ առանձնակի հույսեր էր կապում, որդին  իր գործը  շարունակողն է: Նա նույնպես աշխատում է ոստիկանական համակարգում: Օրերս պետք է տեղի ունենար որդու հարսանիքը: Գործընկերները պատմում էին, որ անհամբերությամբ էր սպասում այդ օրվան:

Արթուր Վանոյանը Ոստիկանության գնդի ավագ տեսուչ Արմեն Մկրտչյանի վերադասն է եղել 2008 ից: Պատմում է՝ գնդապետն  ուներ նշանաբան ու այդպես էլ ապրեց իր կյանքում:

«Մարդ պետք է ճիշտ ապրի, որ հետո չփոշմանի:

Ազատամարտիկ Արթուր Վանոյանի մարտական ընկեր, գնդապետ Արթուր Խաչատրյանը Վանոյանին ճանաչում է դեռ նրա լեյտենանտ եղած ժամանակվանից։ Ասում է, որ Վանոյանը կանգնեց հանցագործի դեմ  ու չհանձնվեց՝   ծառայությունն էլ  մինչև վերջ կատարեց:

Եթե ինքը հանձնվեր, ես իրեն դժվար ճանաչեի: Երիտասարդ տարիներից ես եմ իրեն սովորեցրել,երեբեք չերկնչել հանցագործի առաջ ու այդպես էլ եղավ: Ինքը իր գլուխը դրեց՝ հանուն ժողովրդի ու պետականության: Ոստիկանությունը նույն հայն է ու ազատամարտիկ է: Այս երկրում այնքան մարդիկ կան, որ ավելի շատ բան են արել, բայց ամեն մեկը չի վերցնելու ու ասի, մենք պետություն մեջ ունենք  նեգատիվ երևույթներ, ուրեմն պետք է  կրակենք: Դա հայավարի ու մարդավարի չի:

Արթուր Վանոյանը ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել էր 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից մինչեւ ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Գնդապետ Վանոյանը նաև Արցախյան պատերազմի մասնակից էր:

Back to top button