

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ «փողոցային քաղաքականությունը լավ բանի չի հանգեցնի», եւ ճիշտ չեն նրանք, ովքեր կոչ են անում դուրս գալ փողոց, դա հղի է վատ հետեւանքներով։ Գունավոր հեղափոխությունների օրինակներ է բերում՝ ապացուցելու՝ ժողովրդին հանում են դուրս այլ կոչերով, վերջում ստացվում է բոլորովին ուրիշ արդյունք: «Ամբոխը չի կարող ղեկավարել, ամբոխը ուղեկցվում է»,- ասում է նկարիչը։ Էրեբունու ՊՊԾ բաժնում ծավալվող դեպքերի առնչությամբ այսօր անհանգստություն են հայտնել մշակութային այլ գործիչներ՝ գրողների միության նախագահը, Տիկնիկային թատրոնի ղեկավարը: Նաեւ քաղաքագետներն՝ իրենց վերլուծություններով հանգում են եզրակացության, որ բանակցություններն այլընտրանք չունեն եւ դեռ խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը բացառված չէ: Իրավիճակը թեեւ դեռ հարթված չէ, բայց քաղաքագետներն արդեն խոսում են դրա հետեւանքների մասին թե դրսում, թե ներսում:
Երեւանյան վերջին դեպքերը որքան խիստ անսպասելի էին Միջազգային եւ քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի համար, այնքան կանխատեսելի էին «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար: Վերջինն ասում է, որ ծայրահեղականությունը մեր երկրում նորություն չէ եւ սպասելի էր, որ մի օր զենքի ուժով քաղաքական պահանջներ ներկայացվեն: Սա ասելիս Իսկանդարյանն օրինակներ է հիշեցնում՝ Շանթ Հարությունյանի գործողությունները` բռնության հիմքով, Նորք-Մարաշի զինված խմբավորման կանխումը, Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակի նետումը եւ այլն:
«Պարտադիր չէ սոցիոլոգ լինել, որ հասկանաս՝ այդ ճանապարհով հարցերին լուծում տալու ծայրահեղական մոտեցումը կա մարդկանց մոտ, եւ այն, ինչ տեղի ունեցավ, կարելի էր սպասել»,- ասում է Իսկանդարյանը՝ նշելով՝ խմբավորման անդամներից ոմանց դեմքերով գիտենք, որոնք նման կոչերով, պահանջներով ու մտադրություններով առաջին անգամ չէ, որ հանդես են եկել:
Այսօր այս պահին բոլոր վերլուծաբանների միակ ասելիքը մեկն է՝ զինված մեթոդներով հնարավոր չէ խնդիրներ լուծել, անհրաժեշտ է խուսափել արյունահեղությունից եւ շարունակել բանակցությունները, որքան էլ որ դրանք տեւեն: Ի դեպ, Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ այս պահին ակնհայտ է, որ իշխանությունները դիմել են «հյուծման» տակտիկային: Ենթադրելով նրանից, որ զինված խմբավորմանը փոխանցվում է սնունդ ու դեղորայք, քաղաքագետը ենթադրում է, որ կա կոմպետենտ բանակցող, որն առայժմ հաջողությունների է հասնում: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը զինված խմբի անդամների գործողություններից ենթադրում է՝ ապստամբները մշակված պլան չունեն, քանզի քաղաքական ծրագիր առաջ չի քաշվում: Մյուս կողմից՝ անհասկանալի է համարում քաղաքական իշխանության տոտալ լռությունը: Բոլոր իրավունքները թողնելով ուժայինների վրա՝ հասել են նրան, որ սադրիչ եւ կոշտ գործողություններով ստիպեցին ժողովրդին դուրս գալ փողոցներ՝ ասում է Ենոքյանը:
Աղասի Ենոքյանը ենթադրում է՝ եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես այժմ, ապա ամեն ինչը կգնա բնականոն թուլանալու եւ մարելու ճանապարհով: Բայց դեպքը հետեւանքներ անպայման ունենալու է՝ թե արտաքին, թե ներքին քաղաքականության իմաստով:
Մշակութային գործիչներն իրենց հերթին նույնպես իրենց մտահոգությունն են արտահայտում այս օրերին: Պարզապես ցանկանում են, որ կանխվի արյունահեղությունը: Նրանք չեն փորձում մեկնաբանություններ անել, կոչով դիմել այս կամ այն կողմին, քանզի չեն հասկանում ազդակները որտեղից են գալիս: Ստեղծագործական միությունները միավորվել են եւ ստեղծել կոնֆեդերացիա, որի անդամները վաղը կհավաքվեն, կքննարկեն հետագա անելիքը եւ դեպքերի 4-րդ օրը հայտարարություն կընդունեն ու կտարածեն: Չի բացառվում, որ մշակութային գործիչները կառաջարկեն միջնորդի դեր ստանձնել կողմերի միջեւ։




