Հասարակություն

Իրավապաշտպանները մտահոգված են

lenabadeyan

Իրավապաշտպաններն ու քաղաքագետներն այսօր փորձում են հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ եւ ինչը ստիպեց մի խումբ մարդկանց դիմել ծայրահեղ քայլի՝ գրավել Էրեբունու ՊՊԾ բաժինը: Բոլորի համար ակնհայտ է՝ զարգացումները սերտորեն կապված են երկրի ապագայի հետ՝ ինչպես կլուծվի խնդիրը՝ այնպես էլ կշարունակվի: Իրավապաշտպանները  նաեւ այսօր հորդորում են քննություն սկսել եւ շուտափույթ պարզել՝ ինչպես պատահեց, որ մահացավ բարձրաստիճան ոստիկանը: Վերլուծում են, թե ինչը կարող էր հանգեցնել ողբերգական դեպքերի, բայց եւ պնդում են՝ չեն արդարացնում կողմերից ոչ մեկին: 

 

Իրավապաշտպաններից շատերն այսօր գտնվում են շոկային վիճակում՝ երեկվա դեպքերի պատճառով: Թեեւ իրավիճակը դեռ հանգուցալուծված չէ, բայց շատերը փորձում են հասկանալ՝ ինչու ստացվեց, ինչպես ստացվեց: Շատերի համար այս պահին միայն պարզ է մեկ բան՝ ինչպես կկարողանանք դուրս գալ ստեղծված իրավիճակից, դրանով էլ պայմանավորված կլինի երկրի ապագան: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս պահին նույնիսկ չի փորձում մեղավորներ փնտրել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի  համար անակնկալ է զինված խմբի գործողությունները:  Հիշեցնում է՝ ամիսներ առաջ, երբ «Նոր Հայաստան» խումբը նախաձեռնել էր անհնազանդության շարժում՝ նման դեպքերի հավանականությունը նույնիսկ մերժվում էր:

Միջազգային եւ քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի համար այժմ անտրամաբանական է զինված խմբի անդամների պահանջը: Կարծում է՝ Սեֆիլյանին ազատ արձակելով այլեւս հարց չի կարող լուծվել: Երեւանյան իրադարձություններում քաղաքագետն այլ պատճառներ է տեսնում:

Կան կարծիքներ, որ ստեղծված իրավիճակում, որոշակի գործողությունների կարող է դիմել նաեւ խորհրդարանը: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարծում է՝ ճիշտ կլիներ, որ խորհրդարանն արտահերթ նիստ գումարեր, քննարկեր հարցը: Բայց կարծիքը չի կիսում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ հակադարձելով՝ այս պահին նույնիսկ ակնհայտ է, թե այս խորհրդարանը ինչ ձեւական փաստաթուղթ կարող է ընդունել՝ մեծամասնության ձեւական քվեարկությամբ: Պատգամավորը կարծում է, որ այժմ ճիշտ հետեւություններ անելու ժամանակն է:

Իրավապաշտպաններն այս պահին նաեւ տարբեր գործողություններ են նկատել ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ, որ առնչություն չունեն սահմանադրական կարգի հետ: «Անձինք ունեն իրավունքներ»,- հիշեցնում են իրավապաշտպանները՝ հորդորելով անհամաչափ գործողություններով չհրահրել հասարակությանը:

Կարդացեք նաև

Back to top button