ԿարևորՀասարակություն

Իրավիճակը մնում է նույնը, պահանջները նույնպես՝ ասում է Հունան Պողոսյանը

lenabadeyan

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը քիչ առաջ լրագրողներին ներկայացրել է Էրեբունի ՊՊԾ-ում տիրող իրավիճակն այս պահին: Նշել է, որ տարածքում շարունակում է պատանդ մնալ 5 ոստիկան: Մինչ այս ազատ էր արձակվել մեկ ոստիկան, ինչպես նաեւ շտապօգնության մեքենայի վարորդը։

Հանրապետության փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան նշել է, որ ազատ արձակվածը պարեկապահակային ծառայության աշխատակից է։ «Ավելին չեմ կարող ասել»,- նշել է։

Հունան Պողոսյանը նշել է, որ մինչ այս պահը դեռ չեն հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հստակեցրել է նաեւ, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը բանակցություններին չի մասնակցում: «Նա դեպքից անմիջապես հետո գտնվում է համապատասխան վայրում եւ ղեկավարում գործողությունները: Իսկ բանակցությունները վարում է համապատասխան կոնտակտային սպան, որը բանակցում է ներսում գտնվող համապատասխան անձի հետ»,- նշել է փոխոստիկանապետը: Նա չի հստակեցրել, թե ոստիկանությունը որքան ժամանակ է պատրաստվում բանակցել զինված խմբի անդամների հետ, պարզապես նշել է, որ փոխզիջումների գնալու տարբերակը լինելու է երկուստեք: «Եթե իրենց կողմից տեսնենք համապատասխան ադեկվատ քայլ՝  կլինի համապատասխան ադեկվատ քայլ իրավապահների կողմից»,- ասել է Հունան Պողոսյանը:

Back to top button