ՎերլուծականՔաղաքական

Թուրքիան ռազմական հեղաշրջման տապալումից հետո

annanazaryan

Ռազմական հեղաշրջման փորձն անհաջողության մատնվեց, սակայն այն ցույց տվեց, որ հին Թուրքիան այլևս չկա՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո միջազգային լրատվամիջոցները քեմալականության, Աթաթուրքի գաղափարախոսության վերջնական տապալում և իսլամիզմի դիրքերի լուրջ ամրապնդում են կանխատեսում:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը այդ երկրում առկա ճգնաժամի վկայությունն է, ինչի մասին ամիսներ շարունակ նշում էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա կարծիքով՝ այսօր այդ ճգնաժամն ավելի է խորացել:  «Ռադիոլուրի» հետ զրույցում նա նախ  նշեց, որ սա առաջին դեպքն է Թուրքիայի ողջ պատմության ընթացքում, երբ ռազմական հեղաշրջումը տապալվում է:

Ռազմական հեղաշրջումը տապալվեց Թուրքիայում և սա նշանակում է, որ Էրդողանի դիրքերն այս դեպքերից հետո ավելի կամրապնդվեն: Էրդողանն իրեն ավելի ուժեղ ու ինքնավստահ կդրսևորի՝ կարծում է թուրքագետը: «Հիմա սկսվում է Էրդողանի դարաշրջանը, նրա արկածախնդիր քաղաքականությունը կուժեղանա, ինչը վտանգավոր է տարածաշրջանի երկրների համար»,- ասում է։

Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր  խմբագիր Արա Գոչունյանն էլ, «Ռադիոլուրին» ներկայացնելով տեղում տիրող իրավիճակը, ասաց, որ իրոք Էրդողանը Թուրքիայում լուրջ հեղինակություն է վայելում, և հենց դրա վկայությունն էր այն, որ  նրա հայտարարությունից հետո Թուրքիայի բնակիչները փողոցներ դուրս եկան։ Հենց սա, ըստ էության, հեղաշրջումը կանխելու հիմք դարձավ։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ ռազմական հեղաշրջման տապալումը կբերի ազգայնամոլության ուժեղացման այդ երկրում, ինչն առաջին հերթին կվտանգի տեղի հայերի անվտանգությունը:

Back to top button