Քաղաքական

Հորադիզի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հուլիսի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա)։

Շփման գծի ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Դան Խարվեյը (Իռլանդիա):

Նշենք, որ մինչ դիտարկումը Անջեյ Կասպրշիկին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նրա հետ քննարկել զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Back to top button