Հասարակություն

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն վաղը

sonahakobyan
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը: Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր և լրացուցիչ տեղերի բաշխմանը՝ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես, անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Ռ. Սուքիասյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները և ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ ընդհանուր թվով՝ 27- ը, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած 23 և մանկուց հաշմանդամություն և 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 40 դիմորդներ վճարովի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 16, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 14 մրցանակակիրներ:

 

Ներկայացնելով դիմորդների թիվն ըստ բուհերի՝ նշենք, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջատարը Երեւանի պետական համալսարանն է, ապա տնտեսագիտական և մանկավարժական համալսարանները: Տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ առաջին հայտով պետպատվերի շրջանակներում այս բուհն ունեցել է 1116 դիմորդ:

«Տնտեսագիտություն մասնագիտության համար առաջին հայտով պետպատվերի 14  տեղի համար դիմել է 217 դիմորդ, ֆինանսների 12 անվճար տեղի համար դիմել է 211 դիմորդ, Հաշվապահության 10 անվճար տեղի համար՝ 150 դիմորդ, Կառավարում մասնագիտության 11 անվճար տեղի համար՝ 152 դիմորդ, Շուկայաբանության 6 անվճար տեղի համար՝ 170 դիմորդ, վիճակագրության 34 անվճար տեղի համար 172 դիմորդ»:

Մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը հայտնեց, որ բուհում դիմորդների թիվն այս տարի 108-ով ավելացել է՝ 1404 դիմորդ:

«Կոնկուրսային են եղել տարրական մանկավարժություն և մեթոդիկան, հոգեբանությունը, սոցիալական մանկավարժությունը, նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկան, լոգոպեդիան, պարարվեստը և գործիքային կատարողականությունը»:

Դիմորդների  թիվն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ մեծ է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:  Եթե անցյալ տարի այս բուհն ուներ 977 դիմորդ, ապա այս տարի դիմորդները 1011-ն են: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Նորայր Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  առանձնացրեց այն բաժինները, որտեղ դիմորդների մեծ հոսք է նկատվել, ուստի մրցույթն էլ այդ մասնագիտություններում բարձր է:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, էլեկտրոնիկա, տեղեկատվական տոխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ռադիոտեխնիկա, ծրագրային ճարտարագիտություն, համակարգչային ճարտարագիտություն»:

Դիմորդների թվաքանակից գոհ են նաև բժշկական համալսարանում. 47 անվճար տեղի համար դիմել են 1052 հոգի` «Ռադիոլուրին» դժկամությամբ հայտնեց համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։ Ինչ վերաբերում է բուհերում թափուր տեղերին, նշենք, որ ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվել է բուհերում առկա թափուր տեղերը վերաբաշխել հավասար միավորներ ունեցող դիմորդների միջեւ՝ ապահովելով նրանց կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին: Ընդունող հանձնաժողովը ընդունելության ցուցակները կհրապարակի վաղը՝ հուլիսի 15-ին:

Back to top button