

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է համաշխարհային կինոյի աստղ, ծագումով ֆրանսիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա պատմել է, որ չնայած Հայաստան է ժամանել երեկ, բայց երեկոյան արդեն հասցրել է պարել հայկական երաժշտության ներքո: «Այդ երաժշտությանը պարզապես դիմանալ չէր լինում»,-ասել է Բիսեթը:
«Տպավորությունների մասին խոսելը դեռ վաղ է, բայց կարող եմ ասել, որ ապրում եմ փայլուն հյուրանոցում և ինձ շատ լավ կերակրում են: Հուսով եմ, որ կհասցնեմ նաև Հայաստանում մի լավ շրջել ու ծանոթանալ հատկապես ձեր ճարտարապետությանը, պարզապես չգիտեմ, թե որ ծայրից սկսեմ: Գիտեմ, որ ձեր ժողովուրդը շատ դժվարություններ է տեսել, բայց երեկ հասկացա, որ նաև ուրախանալ եք սիրում»: Աշխարհի ու Եվրոպայի գեղեցկագույն դերասանուհի ճանաչված Ժակլին Բիսեթը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց, որ գիշերը մինչև ժամը երկուսը հայկական պարեր է պարել, «որովհետեւ այդ երաժշտությանը դիմադրելը պարզապես անհնար էր»։
Հյուրանոց վերադառնալուց հետո որոշել է արդուկել շորերը։ Ասում է, որ միշտ բծախնդրորեն պատրաստվում է: Բայց պարզել է, որ հյուրանոցում գոլորշիով արդուկ չկա: Գնացել գնել բերել են ու աշխարհի գեղեցկագույն դերասանուհին առավոտյան մինչև ժամը 5-ը երեւանյան հյուրանոցի իր համարում արդուկ է արել: «Շատերը չեն հավատում, որ ես նման գործերով կարող եմ զբաղվել, բայց դա իմ սովորական կենցաղն է»,- ասում Ժակլին Բիսեթը: Այսպես զուսպ ու համեստ է նաև վերաբերմունքը սեփական գեղեցկության նկատմամբ։ Ավելի լավ է գրավիչ լինել, քան՝ գեղեցիկ՝ ասում է։
«Դպրոցից հետո չգիտեի՝ ինչ անեմ, բայց գիտեի, որ ինձ հետաքրքրում են մարդիկ ու նրանց հոգեբանությունը: Այդ տարիքում մեծ ցանկություն ունեի հաղթահարելու ամաչկոտությունս: Ուսումնասիրում էի լեզուներ, դասարանում միակ աղջիկն էի, ով հետաքրքրվում էր դասական երաժշտությամբ, իսկ արվեստի համար խելքս գնում էր: Մտածում էի՝ ինչ մասնագիտություն ընտրեմ, որպեսզի այս բոլորը հնարավոր լինի համատեղել: Մի անգամ տարեց մեկն ասաց, թե ՝ զավզակ աղջիկ ես, կարող ես լավ դերասանուհի դառնալ», պատմում է Ժակլին Բիսեթը : Ավելի ուշ տեղի է ունենում նրա ճակատագրական հանդիպումը ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ: Մի երեկոյի ժամանակ նա մոտենում է անծանոթ գեղեցկուհուն ու ասում՝ շատ խորը հայացք ունեք, կարող եք լավ դերասանուհի դառնալ: «Այդ խոսքը սերմ գցեց իմ ուղեղում: Դրանից հետո սկսեցի շատ ֆիլմեր դիտել ու հասկացա, որ սա նոր աշխարհ է: Ամենակարեւորն իմ գործում մարդկանց հետ շփումն է»,- ասում է դերասանուհին: Կինոյում խաղացել եք բազմաթիվ տղամարդկանց հետ, նրանցից ում եք համարում Ձեր լավագույն գործընկերը՝ լրագրողի հարցին ի պատասխան դերասանուհին առանձնացրեց Էնթոնի Քուինի անունը, բայց նաև հավելեց՝ շատ ավելի հաճելի է շռայլ հոգու մարդու հետ խաղաս։
Հնարավո՞ր է լինել երջանիկ առանց ամուսնության և երեխաների՝ լրագրողի հարցը դերասանուհուն ամենեւին չշփոթեցրեց: Միանգամայն, ասաց Բիսեթն ու հավելեց. «Երջանկությունն ու ամուսնությունը հոմանիշներ չեն»:




