Սպորտ

ՆԱՏՕ-ՌԴ հարաբերություններն ու ԼՂ հակամարտությունը.մեկնաբանում են վերլուծաբանները

lenabadeyan
Թեեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ուղղված էր մեծապես ՌԴ դեմ՝ հիմքում ունենալով սանձազերծման եւ զսպման սկզբունքները, այնուամենայնիվ, իր անուղղակի ազդեցությունն ու հետեւանքն ունենալու է նաեւ Հայաստանի եւ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այսպիսի զարգացումներ կանխատեսում են  հայկական վերլուծական դաշտի ներկայացուցիչները՝ պատահական չհամարելով, որ Վարշավա էին մեկնել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու, ինչն ամենակարեւորն է, ՄԽ համանախագահները: Սա այն դեպքում, երբ բանակցային ձեւաչափը ԵԱՀԿ- ինն է:

 

 

ՆԱՏՕ- ի եւ Ռուսաստանի այժմյան հակադրությունը, որը որոշ վերլուծաբաններ գնահատում են իբրեւ «նոր սառը պատերազմ», իր հետ կարող է բերել նոր զարգացումներ, որոնք ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի ու Արցախի վրա։ Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների վրա, որոնք Վարշավայում զբաղված էին հենց ղարաբաղյան խնդրով: Դրան էին նվիրված առանձին հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Բացի այդ՝ Ալիեւը հանդիպել էր ՄԽ համանախագահների հետ: Իսկ թե ինչու էին ԵԱՀԿ ձեւաչափի միջնորդները մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ վերլուծաբանները բացատրություն չունեն: Այս պահին այն, ինչ կա ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, թույլ չի տալիս Միջազգային եւ քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանին լավատես լինել:

«Ամբողջ հարցն այն է՝ Ռուսաստանը կնահանջի, թե՞ ռուսաստանն ավելի ագրեսիվ կդառնա: Ռուսաստանի մոտ նահանջ «ճռռոցով» է ստացվում, իսկ «ճռռոցը» լսվելու է, ես կարծում եմ, ռուսական «պերիֆիրիաներում»: Շատ մեծ են ճնշումները Բելառուսի վրա, որպեսզի Ռուսաստանն այնտեղ ի պատասխան այս ամեն ինչի տեղադրի ռազմաօդային բազա եւ, բնականաբար, Ղարաբաղ: Ֆիքսենք նաեւ այն, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հենց հաջորդ օրը Ռուսաստանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են Ադրբեջանին նորից զենք տրամադրել»:

Այս պահին պաշտոնական Հայաստանի որդեգրած կեցվածքը քննադատում է նաեւ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Իր կարծիքը քաղաքագետը ձեւակերպում է հակիրճ՝ «Այս կարեւոր շրջանում Հայաստանը պատերազմ է հայտարարել պատմությանը»:

«Գագաթաժողովին, որը հավաքվել է մտածելու ինչպես դիմակայի ՌԴ-ին, ինչպես զսպի Ռուսաստանին, ինչպես պաշտպանվի Ռուսաստանից, Սերժ Սարգսյանն այնտեղ գնում է բարեհաջող ռուսներին հանձնելով ՀՕՊ կառավարման վահանակը: Ինչի՞ մասին պետք է խոսեն Հայաստանի հետ այնտեղ: Այսօր հրամայականը դա մեծ ռազմավարական շրջադարձն է, որը Հայաստանը պետք է կատարի: Այս ճանապարհը, որով մենք ընթանում ենք տանում է դեպի անխուսափելի պատերազմ, տանում է դեպի պետականության կորուստ եւ անդառնալի կորուստներ ընդհանրապես»:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հենց այնտեղ՝ Վարշավայում, Հայաստանից հետեւել է  քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը: Նրա տպավորությունները փոքր ինչ այլ են:

«Վերջնական ընդունված փաստաթղթերի մեջ ընդհանուր առմամբ որեւէ բան ԼՂ մասով չի փոխվել: Ինչ վերաբերում է կոմյունիկեյում տեղ գտած տարածքային ամբողջականության հարցին, ես մի քիչ ուրիշ կերպ են նայում այս հարցին: Կոմյունիկեն ասում է, որ հանձնառություն ունեն պաշտպօանելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, անմկախությունը, ինքնիշխանությունը: Դա որեւէ կապ չունի ԼՂ հակամարտության հետ: Սա ավելի շատ ուղղված է ՌԴ դեմ, որ ցույց տա՝ հանկարծ չփորձի այս երկրների հետ վարվել որպես սեփական մի մարզ: Շատ կարեւոր էր հայկական կողմի մասնակցությունը: Ինձ թվում է սա ավելի շատ կապ ունի ԼՂ եւ Ալիեւի ակտիվության հետ, քան Ռուսաստանի հետ ինչ որ խնդիրների: Սերժ Սարգսյանը, երեւի փորձեց կասեցնել Ալիեւի առաջխաղաղցումը, որպեսզի ԼՂ հակամարտության վերաբերյալ չընդունվի որեւէ բանաձեւ, որը կվնասեր հայկական կողմին»:

Բոլոր զարգացումները դեռ, այսպես ասած, «ստորջրյա» մակարդակի վրա են: Որոշ փակագծեր հնարավոր է բացվեն արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումներից հետո: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդհանրապես, ապա այն ազդարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի նոր՝ սանձման եւ զսպման  ռազմավարության մեկնարկը։ Դաշինքի բոլոր պետությունները համաձայնել են ավելացնել եւ իրենց ՀՆԱ-ի 3 տոկոսն ուղղել ՆԱՏՕ-ի ռազմական վերազինման նպատակներին: Պակաս կարեւոր չէ նաեւ վայրը, թե որտեղ է ստորագրվել ՆԱՏՕ-ի այս փաստաթուղթը:

Վարշավան այն քաղաքն է, որտեղ 1955 թվականին Խորհրդային Միությունը ձեւավորեց Վարշավյան դաշինքը՝ սոցիալիստական ճամբարի երկրների հետ։ Ավելին՝ ՆԱՏՕ- ի դեմ ստեղծված այս դաշինքի հիմնադիր փաստաթուղթը ստորագրվել է այն շենքում, որտեղ այժմ ՆԱՏՕ- ն ազդարարում է Ռուսաստանի զսպման իր ռազմավարության մասին։ Ամեն դեպքում՝ ՆԱՏՕ-ն չի ուզում նախահարձակ լինել, բայց հասկացնում է ՌԴ-ին անհրաժեշտ զսպվածության մասին՝ ասում են վերլուծաբանները: Ինչպես ասվում է, գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է եւ նրա որոշումներից է կախված, թե առաջիկայում դեպքերն ինչպես կզարգանան։

Կարդացեք նաև

Back to top button