Հասարակություն

Համայնքներ կան, որտեղ բերքը վնասվել է 100 տոկոսով

hasmikdilanyan
Արմավիրում և Արագածոտնում դեռ երկու օր առաջ տեղացած կարկուտի վնասներն են հաշվարկում: Մարզպետարաններում ձեւավորված հանձնաժողովականները տուն առ տուն գույքագրում են վնասները, գյուղացիները՝ գյուղապետարաններում սպասում կառավարության առաջարկներին:  Աջակցության մասին խոսելը դեռ վաղ է:  Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է, որ ամբողջական  պատկերը  պարզ կլինի  առաջիկա օրերին: Մարզի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ  վնասվել են Աշտարակի  տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերը, մեկ-երկու համայնք՝ Թալինի ու Ապարանի տարածաշրջանում: Մարզում  նախկինում այս ծավալի կարկուտ չի եղել՝ ասել է Գյոզալյանն ու նշել, որ  կարկուտը  նաև  քամիով է ուղեկցվել: Արագածոտն համայնքում վնասվել են նաև  մոտ  20 բնակելի տների, դպրոցի ու մշակույթի տան  տանիքները:

 

Վաղ առավոտից Արագածոտնի մարզի Օշական համայնքի գյուղացիները գյուղապետարանում են՝ նրանք շվարած սպասում են , թե երբ է  հանձնաժողովը  աշխատանքն ավարտելու: Երկու օր առաջ տեղացած կարկուտը  տասը րոպեում  ոչ միայն հողին հավասարեցրեց  ամբողջ տարվա եկամուտը, այլ՝ սոցիալական ծանր վիճակից  դուրս գալու բոլոր հույսերը:

«Հիմա էլ ձեր հետ խոսում եմ, մի ամբողջ ժողովուրդ իմ մոտ՝ գյուղապետարանում,  բոլոր մոլորված՝  ուսման վարձերի, վարկերի համար»:

Օշականի ղեկավար Արամ Ներսիսյանն է, ով «համայնքում  բերքի որ մասն է վնասվել  հարցիս»,- այսպես է արձագանքում.«Բերքի որ մաս չկա, այդ հասկացողությունը վերացված է, որովհետև մաս չկա: 100 տոկոսով վերացված է: Բանջարեղեն, պտուղ, խնձոր, դեղձ,  ծիրան, խաղող ոչ մի բան չկա»:

Օհանավանում ու Սասունիկում էլ նույն պատկերն է, խաղողի ու խնձորի այգիներից ոչինչ չի մնացել: Կեռաս, սալոր ու դեղձ էլ չկա արդեն:

Արագածոտնի մարզի  Սասունիկ համայնքի գյուղապետ Արման Մարգարյանը նշում է՝ «90 տոկոսով վնասվել է բերքը». «Բոլորի այգին վնասվել ա, այնպիսի  մարդ չկա, որ վնաս կրած չլինի: Հանձնաժողովը վաղ առավոտից շրջում է: Վարկեր էլ ունեն, խաղողի հույսին էին, մեր գյուղում հիմնականում խաղողն է, մոտ՝ 200 հա»:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ 30 համայնքներում ուսումնասիրում են իրավիճակը, համայնքներ կան, որտեղ բերքը վնասվել է 100 տոկոսով: Առաջիկա օրերին, սակայն, ամբողջական պատկերը պարզ կլինի:

Մարզի ղեկավարի խոսքով, մարզում 38 հակակարկտային կայան է գործում, դրանք աշխատել են, սակայն, կոնկրետ այս դեպքում չեն օգնել: Գաբրիել Գյոզալյանը մասնագիտորեն բացատրում է, թե ինչու.

«Եթե կարկուտի սառցաշերտը  6 կմ բարձրությունում  շատ է լինում, նրա ջրային շիթ է ստեղծում  մանրացնելու համար: Եթե շերտը հաստ է,այդ մանրացնելը այնպես  է լինում, որ մեծ տրամաչափի կարկուտ է տեղում, սա այդ դեպքն էր»:

Հակակարկտային կայանների աշխատանքը «Ռադիոլուրի» հետ զրույցում արդյունավետ է գնահատում ԱԻՆ  «Հիդրո- օդերևութաբանության և մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արմեն Կարապետյանը:

Նրա տեղեկացմամբ,  հակակարկտային  կայաններով պաշտպանված է հանրապետության փաստացի մշակովի հողատարածքների  8,2 տոկոսը.

ՀՀ նախագահի հանձնարարականով  մշակվել են  5՝ Արմավիր, Արարատ, Լոռի,  Շիրակ, Արագածոտն մարզերի՝ 2017-2021թթ  զարգացման ծրագրերը: Այստեղ նախատեսված է  և հակակարկտային կայանների ավելացում, և լոկատորների տեղադրում:  Մեկ հակակարկտային կայանի համար շուրջ  4 մլն դրամ է  անհրաժեշտ, մեկ լոկատորի համար ՝ մոտ 1,5 մլն դոլար:

Արմեն Կարապետյանը նաև պարզաբանում է՝ տպավորություն է, թե մեկ հակակարկտային կայան ձեռք բերելով,  գյուղը կփրկվի:

«Ես պնդում եմ, որ բոլոր հակակարտային կայաններն արդյունավետ են աշխատում: Ոչ մեկ չի հարցնում, թե հարյուր տոկոսանոց  պաշտպանվածություն ունի կարկուտից: Բայց ամեն դեպքում այն միջին հզորության  կարկուտը փրկում է հակակարտային կայանը, եթե բավարար հակակարտային կայաններ ունենք, եթե նրանք ունեն նորմալ դասավորվածություն, միանշանակ փրկվում են»:

Զրուցակիցս վստահեցնում է՝ հակակարկտային կայաններ ունեցող և չունեցող համայնքներում  պատկերը լրիվ տարբեր է: Արմավիրում, օրինակ, շուրջ 30 համայնքից պաշտպանված էր հինգը միայն: Արմավիրում հակակարկտային կայաններով պաշտպանվածությունը 33 տոկոս է, Արագածոտնում՝ 9 տոկոս:

Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանը նշում է, որ իր 40-ամյա կենսագրության ընթացքում նման կարկուտ չի տեսել, երբևէ  նման տեղումներ չեն եղել: Ավելին, անձրեւի մասին էին երազում:

Ի՞նչ է սա, արդյո՞ք անոմալիա, արդյո՞ք մթնոլորտային իրավիճակն է փոխվում  Հայաստանում. փորձեցինք պարզել աշխարհագրական գիտությունների  դոկտոր պրոֆեսոր, ՀՊՀՄ   աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ  Աշոտ Խոյեցյանից: Մասնագետը հայտնեց, որ հուլիսի երկրորդ կեսից արդեն մինչև սեպտեմբերի առաջին կեսը  երաշտների թիվն է ավելանալու: Սա էլ՝ կլիմայի գլոբալ տաքացմամբ պայմանավորված:

Կարդացեք նաև

Back to top button