ԿարևորՔաղաքական

Հայաստան- ԵՄ նոր փաստաթուղթը ասոցացման համաձայնագիր չի լինելու՝ ասում է Ֆրանսիայի դեսպանը

annanazaryan

Հայաստան- Ֆրանսիա հարաբերությունները  դինամիկ են զարգանում, կա երկկողմ այցերի հոսք, շփումների ակտիվություն, փայլուն է ընթանում քաղաքական  համագործակցությունը, սակայն անելիք կա տնտեսական ոլորտում, ենթակառուցվածքների,  տրանսպորտի, առողջապահության ու ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդման առումով` Մամուլի ազգային ակումբում այսօր ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն խոսել է նաև Ղարաբաղյան խնդրի ու ՆԱՏՕ- ի գագաթաժողովի մասին։

 

Ղարաբաղյան խնդրի կարգավորման նպատակով լուծումներ փնտրելու գործում  Ֆրանսիան միշտ պատրաստ է կազմակերպել  հանդիպումներ ու ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ նշելով, որ այս հարցում սերտ համագործակցություն կա ռուս և ամերիկացի գործընկերների հետ: Նա հիշեցրեց, որ Վարշավայի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Օլանդը հանդիպել է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ ու նմանատիպ հանդիպումները նա հակամարտության կարգավորման հնարավորություն է համարում:

Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը դեսպանը կարևոր համարեց, հատկապես հետաքննության մեխանիզմների ներդրման հարցն է առաջնահերթ՝ ասաց։ Նա հերքեց լրատվամիջոցներով տարածված այն հրապարակումները, թե այդ հարցում համանախագահները տարաձայնություններ ունեն: Այդ հարցով չկա ո՛չ թյուրըմբռնում, ո՛չ տարաձայնություն՝ ասաց։ «Հետաքննության մեխանիզմների ներդրումը կարևոր, անգամ շատ կարևոր միջոցառում է։ Նկատի ունեմ բուն բանակցային գործընթացի  հեռանկարի տեսանկյունից»։

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծիք էր հայտնել, որ Վարշավայում ՆԱՏՕ- ի գագաթաժողովի հռետորաբանությունը վկայում է, որ ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանին և ողջ աշխարհին վերադարձնել իրական դիմակայության փուլ: ԽՍՀՄ նախկին առաջնորդը ՄԱԿ-ին և աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ է արել արձագանքել և կանգնեցնել սառը պատերազմի վերաճումն իրական դիմակայության:  Միեւնույն ժամանակ նա նշել էր, որ Վարշավայի գագաթաժողովը «բացահայտել է նախկին գործընկերների ներքին և արտաքին քաղաքականության ճգնաժամը»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ համամիտ չէ այդ կարծիքի հետ: «Համամիտ չեմ, թե Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին գագաթաժողովը ուղղված էր Ռուսաստանի դեմ: Չեմ տեսնում որեւէ մի տարր,  որ նման ենթադրության հիմք տար:  ՆԱՏՕ-ն անվտանգության առաքելությամբ օժտված կառույց է, իսկ եվրոպական ահռելի  տարածքի անվտանգությունը ենթադրում է բանակցություններ բոլոր  երկրների, այդ թվում՝ ՌԴ հետ: Կան, իհարկե, մարտահրավերներ ՌԴ-ի հետ, որոնց դեմ պետք է պայքարենք, դա ահաբեկչությունն է,  ծայրահեղականությունն ու  թրաֆիքինգի  ցանկացած դրսեւորման դեմ պայքարը»,- ասաց դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանը նաև պատասխանեց Արեւելյան գործընկերության ծրագրով նախատեսված հետագա գործընթացների հարցին: Մի շտկում արեց, նշելով որ այսօր ընթացող Հայաստան- ԵՄ բանակցությունները ասոցացման համաձայնագիր չեն կոչվի ու դեռ պարզ էլ չէ, թե ինչպես կկոչվեն: Նա տեղեկացրեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, երկու կողմերի մոտ ցանկություն կա հեռուն գնացող պայմանավորվածության հասնել՝ ասաց դեսպանը՝ հստակեցնելով՝ Ֆրանսիան ուզում է, որ այն լինի հավակնոտ ու ծանրակշիռ փաստաթուղթ:

Back to top button